Վարչապետը շփվել է կորոնավիրուսով վարակված Մեղրիի բնակչի հետ. նա կորոնավիրուսի թեստ է հանձնել
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետն ու իր ընտանիքը շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված Մեղրիի քաղաքացու հետ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր Facebook-յան ուղիղ եթերում:
«Մեր ընտանիքը մինչ այժմ գտնվում է Սևանում: Այսօր կորոնավիրուսի նոր արձանագրված դեպքերից մեկը Մեղրիի բնակիչն է, պարզվում է, որ մենք Մեղրիից Երևան գալու ճանապարհին, կոնկրետ ես, այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել, իհարկե, ոչ շատ սերտ շփում, և հիմա այս պատճառով ես մեկ ժամ առաջ նոր թեստ հանձնեցի կորոնավիրուսի»,- նշել է Փաշինյանը:
Այնուհետ վարչապետը հստակեցրել է, որ թեստ են հանձնել ամբողջ ընտանիքով:
«Թեստ ենք հանձնել ամբողջ ընտանիքով ընդ որում, կապված մի քաղաքացու հետ ունեցած մեր շփման հետ: Մեղրիի բնակիչ, ում հետ հանդիպել ենք Վայքում: Այսպես անցնելիս ուղղակի շփվել ենք: Դրվագներից մեկում մենք մտանք բիստրո և այդ բիստրոյում պարզվեց, որ այդ քաղաքացու մոտով անցել ենք, շփվել ենք»,- ասել է նա:
Վարչապետը հայտնել է, որ պատասխանը կլինի կեսգիշերն անց, ու եթե հանկրած այն լինի դրական, նա կշարունակի մեկուսացված մնալ իր ընտանիքի հետ, իսկ եթե բացասական լինի, ապա կվերադառնա Երևան: -0-

