Մոսկվան ԱՊՀ մասնակից երկրների միջև ընդհարումների առաջացումը հավանական չի համարում, ուրբաթ Պետդումայում ներկայացնելով Հավաքական անվտանգության պայմանագրում (ՀԱՊ) կատարված փոփոխությունների մասին արձանագրությունը, ասել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Բորոդավկինը:
Արձանագրության դրույթները հստակեցնում են ՀԱՊԿ մասնակից պետությունների ճգնաժամային իրավիճակին արձագանքելու համար հավաքական անվտանգության համակարգի միջոցների և ուժերի օգտագործման մեխանիզմը:
Պատասխանելով այն հարցին, թե ում է ՌԴ-ն օգնելու ԱՊՀ-ում առաջացած ընդհարման դեպքում, դիվանագետն ընդգծել է, որ ամենից առաջ պետք է «ջանքերը կենտրոնացնել, որպեսզի իրավիճակի նման զարգացում թույլ չտալ»:
«Դա արվում է, և նման իրական հեռանկար մենք չենք տեսնում: Ընդհակառակը, միտում կա, որ ԱՊՀ տարածությունում անվտանգության և տնտեսության բնագավառում ինտեգրացիոն գործընթացները զարգանան»,- ասել է Բորոդավկինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ փոխնախարարի, Հավաքական անվտանգության մասին պայմանագրում կատարված փոփոխությունների մասին արձանագրությունը նախատեսում է պայմանագիրը համապատասխանեցնել այն իրողություններին, որոնք առաջացել են 2002թ.-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հաստատման, ինչպես նաև 2010թ.-ին Ղրղըզստանում այդ կազմակերպության գործունեության փորձի հետ: -0-