ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հանձնարարվել է Ղարաբաղի մասին՝ Երևանի և Բաքվի համար ընդունելի հայտարարություն պատրաստել. Լավրով

01.12.2010, 10:42
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հանձնարարվել է Ղարաբաղի մասին՝ Երևանի և Բաքվի համար ընդունելի հայտարարություն պատրաստել. Լավրով
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հանձնարարվել է Ղարաբաղի մասին՝ Երևանի և Բաքվի համար ընդունելի հայտարարություն պատրաստել. Լավրով

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հանձնարարվել է Աստանայում կայանալիք գագաթնաժողովից առաջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն պատրաստել, որի տակ կկարողանային իրենց ստորագրությունը դնել և Բաքուն, և Երևանը, և համանախագահները, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Հուսով եմ, որ դա կստացվի», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովի խոսքերով՝ «վերջին ժամանականերս մենք հարաբերական հանդարտություն ենք նկատում տարածաշրջանում շփման գծում»:

«Սակայն ես դեռ չեմ կարող ասել, որ Աստանայի գագաթնաժողովին կհաջողվի իրական առաջընթացի հասնել հակամարտության հենց կարգավորման վերաբերյալ: Սա շատ բարդ աշխատանք է: Այն կապված է կողմերի՝ հաճախ տրամագծորեն հակադիր դիրքորոշումները մերձեցնելու անհրաժեշտության հետ, և այս աշխատանքը կատարելիս շտապել պետք չէ: Եթե Աստանայի գագաթնաժողովը կօգնի հետագա առաջընթացին, ապա դա արդեն լուրջ ձեռքբերում կլինի», - հայտարարել է նա:

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը որպես ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներից մեկը, ինչպես նաև իր ազգային որակում՝ հաշվի առնելով և Հայաստանի, և Ադրբեջանի հետ ունեցած բարի հատուկ հարաբերությունները:

«ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն անձամբ է զբաղվում այս հարցով: Նա արդեն յոթ, կամ ութ հանդիպում է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ, որոնց ընթացքում լուրջ փորձ է ձեռնարկվել ընկալել դեռևս պահպանվող տարաձայնություններն ու հաղթահարել դիրքորոշումներում ունեցած տարբերությունը», - տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովի խոսքերով՝ նպատակը «Կարգավորման հիմնական սկզբունքներ» անվանումով առաջին, կոլեկտիվ, համապարփակ փաստաթղթի մշակումն է, որը կհիմներ իրավաբանորեն պարտավորեցնող վերջնական փաստաթղթի տեսքով խաղաղ համաձայնագրի մշակմանն ուղղված աշխատանքների ուղղությունները:

«Սկզբունքների ճնշող մեծամասնության շուրջ ձեռք է բերվել ըմբռնում, որոնք կարող էին հայտնվել կարգավորման հիմքում: Սակայն լուրջ խնդիրներ դեռ կան», - ավելացրել է նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-