Պարետը կոչ է անում Զատկին մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը կոչ է անում հայաստանցիներին Զատկին մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների:
Ավինյանը նշել է Զատկի տոնի կարևոր նշանակությունը առաքելական եկեղեցու հետևորդների համար, սակայն հորդորում է փողոց դուրս չգալ:
«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման շղթաների անկանխատեսելիությունն ու հավանական վտանգները՝ խստագույնս հորդորում ու խնդրում եմ վաղը փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների: Եկեք այս տարի այս նվիրական տոնը նշենք տանը՝ մեր ընտանիքի անդամներով շրջապատված»,- նշել է պարետը Facebook-յան էջում հրապարակման մեջ:
Ավինյանը նշել է, որ իր կոչն ու հորդորը պայմանավորված է հանրային առողջությունը և անվտանգությունը պահպանելու կարևորագույն նպատակով:
«Նշեմ, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը կանխելու է բոլոր մարդկային կուտակումները: Դրսևորե՛նք կարգապահություն և պատասխանատվություն, կանխե՛նք վարակի տարածումը»,- նշել է նա:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 11–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 977 դեպք, բուժվել է 173 մարդ, 13 մարդ, ցավոք, մահացել է։–0–