Օպերայի թատրոնն առանց գլխավոր դիրիժորի՞

27.12.2015, 00:22
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն ազատվել է պաշտոնից:
Օպերայի թատրոնն առանց գլխավոր դիրիժորի՞
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը վերջերս ծանուցագիր է ստացել, որից տեղեկացել է, որ գլխավոր դիրիժորի հաստիք Օպերային թատրոնն այլևս չունի, և ինքը, փաստորեն, արդեն զրկվել է աշխատանքից, գրում է azatutyun.am-ը:

Ըստ Դուրգարյանի, հաստիքը կրճատելու պատճառաբանությունը թատրոնում կառուցվածքային փոփոխություններն են։ Այդ կապակցությամբ դիրիժորն այսօր ասուլիս է հրավիրել, որի ընթացքում չի կարողացել զսպել իր հուզմունքը` նշելով, որ իր աթոռից կառչած չէ, բայց նվագախումբը պետք է դիրիժոր ունենա։

Նա նաև ավելացրել է, որ ինքն առանց աշխատանքի չի մնա, քանի որ ունի իր տեղն ու իր հասցեն։

Դուրգարյանը նշել է, որ գլխավոր դիրիժորի հաստիքի վերացումը նվագախումբը քայքայելուն ուղղված քայլ է, բայց զերծ է մնացել Օպերայի թատրոնում կատարված կառուցվածքային փոփոխությունների և Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հետ իր հարաբերությունների մասին խոսելուց:

Օպերայի գեղարվեստական ղեկավարը նույնպես վերջին օրերին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցներում սակավախոս է եղել: «Հրապարակ»-ի հետ զրույցում միայն նշել է, որ մանրամասնելու բան չկա՝ «նոր բան են ցանկանում անել, նոր ծրագրեր ունեն»:

Օպերային թատրոնի տարածած հայտարարության համաձայն, այս քայլն ուղղված է բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը, իսկ Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես թատրոնի դիրիժոր, սակայն վերջինս հրաժարվել է։

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը մինչդեռ նույնպես չի կարծում, որ գլխավոր դիրիժորի հաստիքի վերացումը կարող է նպաստել որակի բարձրացմանը։ «Դուք պատկերացրեք այն նավը, որ չունի գլխավոր կապիտան.... երաժիշտը, որն օգնում է սիմֆոնիկ նվագախմբին, տվյալ դեպքում, օգնել բոլորին լինել միասնական գեղագիտական արժեքները ցուցադրելու համար», - ասել է կոմպոզիտորը:

Կոմպոզիտորը չի բացառել, որ ավելի ուշ հաստիքը կարող են վերականգնել, բայց նշեց. «Ես լսել եմ, որ այստեղ նաև տենդենցներ կան օտար որևէ մարդու բերել, նվագախմբի ղեկավար դնել: Առաջին հերթին «ոչ» ասողը ես կլինեմ սրան, որովհետը օտար մարդը մեր օպերային խնդիրներով չի կարող ապրել», - ասել է Ամիրխանյանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն իր հերթին ասել է. «Օպերային թատրոնն առանց գլխավոր դիրիժորի` ինչպես ֆուտբոլի հավաքականն առանց գլխավոր մարզչի»:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Կարեն Դուրգարյանն ավելացրել է, որ հաստիքի կրճատման իրական պատճառները չգիտի, սակայն ընդգծում է, որ պրոֆեսիոնալ տնօրենն այդպես չէր վարվի, դիրիժորի ներկայությունը կարևոր է:

«Ես արդեն չեմ զբաղեցնում այդ պաշտոնը, կարող եմ միայն ենթադրություններ անել, որն իմ անձնականն է: Ես իմ կոլեգաների մասին գնահատական տալու չունեմ, որևէ մեկին»,- նշել է արդեն նախկին դիրիժորը: -0-