«Նովոստի–Արմենիա»–ի «Լավ լուրեր» նախագիծը դարձել է Armenia Digital Awards 2025 մրցանակակիր
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Նովոստի–Արմենիա» գործակալության «Լավ լուրեր» նախագիծը դարձել է Armenia Digital Awards 2025 ազգային մրցանակի մրցանակակիր։
Տարբեր տարիներին նախագծի գործընկերներն են եղել Yerevan Brandy Company–ն, ՎՏԲ–Հայաստան Բանկը և Yeremyan Project–ը, որոնք աջակցել են նախաձեռնության զարգացմանը և նրա առաջխաղացմանը լայն լսարանի շրջանում։
«Լավ լուրեր»-ը եզակի նախագիծ է Հայաստանի համար, որը թույլ է տալիս newsarmenia.am կայքի այցելուներին մեկ հպումով անցնել հատուկ բաժին և ծանոթանալ օրվա բացառապես դրական պատկերին։
Նախագծի գաղափարը ծնվեց սոցիալական ցանցերում լսարանի բազմաթիվ ցանկություններին ի պատասխան։ Այն արագ վերածվեց ամբողջական նախաձեռնության, որի նպատակն է պատմել ոգեշնչող իրադարձությունների և բարի պատմությունների մասին՝ ստեղծելով հավասարակշռություն տեղեկատվական դաշտում։
«Լավ լուրերը» օգնում են ընթերցողին տեսնել դրական պահերը առօրյայում, զգալ աջակցություն և հիշեցնել, որ մեր շուրջը կա տեղ լավ գործերի, ստեղծարար նախագծերի և մարդկային պատմությունների համար, որոնք ներշնչում են։
«Նովոստի–Արմենիա» գործակալության մասին
«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալությունը գործում է մեդիա շուկայում 2005 թվականից և ներառված է հայկական տեղեկատվական դաշտի առաջատարների շարքում։ Հրատարակությունը մշտապես զբաղեցնում է բարձր դիրքեր երկրի ամենամեջբերվող ԶԼՄ-ների թվում, իսկ կայքը տարեկան ունենում է ավելի քան 10 միլիոն դիտում։
Սոցցանցերում գործակալությունն ունի ավելի քան 100 հազար հետևորդ Facebook-ում՝ օրական 200 հազարից ավելի ընդգրկումով։ Ակտիվ զարգանում են YouTube ալիքները՝ Novosti-Armenia, Novosti-Armenia Stories, ինչպես նաև Հայաստանում ամենամեծ թեմատիկ Telegram-ալիքների ցանցը։
Armenia Digital Awards-ի մասին
Armenia Digital Awards–ն ազգային մրցանակ է թվային հաղորդակցության, տեխնոլոգիաների և մեդիայի ոլորտում, որը ստեղծվել է՝ նպատակ ունենալով նշել հայկական ընկերությունների, բրենդների և մասնագետների հաջողությունները թվային տրանսֆորմացիայի ոլորտում։
Մրցանակն ընդգրկում է ուղղությունների լայն շրջանակ՝ digital-մարկետինգից, վեբ-դիզայնից և կոնտենտ-նախագծերից մինչև fintech, e-commerce և մեդիա նորարարություններ։ Մրցույթի հիմնական առաքելությունն է խթանել որակի և նորարարությունների մշակույթը հայկական թվային միջավայրում, խրախուսել լավագույն պրակտիկաները և բարձրացնել տեղական նախագծերի մրցունակությունը միջազգային մակարդակում։
Առաջին մրցանակաբաշխությունը կայացել է Երևանում 2024 թվականի սեպտեմբերի 27-ին՝ միավորելով առաջատար IT-ընկերությունների, գործակալությունների, մեդիայի և ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներին։

