Նորածնին հնարավրո է առցանց գրանցել պոլիկլինիկայում
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նորածնին հնարավրո է առցանց գրանցել առողջության առաջնային պահպանման օղակում՝ պոլիկլինիկայում։
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
«Եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, 4եր նորածնի հաշվառման հասցեի տարածքում գտնվող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունում երեխային առցանց գրանցելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործել համակարգ, «Շարունակել» կոճակը սեղմելուց և նույնականացում անցնելուց հետո պետք է ընտրել հաստատությունը և բժշկին», – նշել են նախարարությունից։
Նախարարությունից ընդգծում են, որ երեխայի մոր հետ գրանցված ամուսնություն ունեցող հայրը միայն կարող է առցանց գրանցել երեխային, մոր դեպքում` գրանցված ամուսնություն ունենալը պարտադիր չէ:
Նորածնի ծնունդը պետք է գրանցված լինի մինչև նրան բժշկական կազմակերպությունում գրանցելը։
«Եթե նորածնի հաշվառման և փաստացի բնակության հասցեները նույնը չեն, ապա ծառայությունից հնարավոր է օգտվել միայն ֆիզիկապես այցելելով բնակության հասցեի (մարզի) տարածքում գտնվող բժշկական կազմակերպություն։ Բժշկական կազմակերպությունում նորածնի գրանցումը կատարվում է անմիջապես։
Գրանցումից հետո մի քանի օրվա ընթացքում ընտանեկան բժիշկը պետք է կապ հաստատի ծնողի հետ՝ տնայց կատարելու նպատակով», – նշվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

