Մենք դա կանենք միասին, պատրաստ եղեք․ Փաշինյանը՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու մասին

20.07.2025, 12:26
Փաշինյանը հայտարարել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին հրավիրում է իրենից ազատել Վեհարանը
Մենք դա կանենք միասին, պատրաստ եղեք․ Փաշինյանը՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։

Նա այդ մասին գրառում է կատարել Facebook–յան իր էջում։ 

««Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց կնոջը դավաճանելու պատճառով, որովհետեւ «Astronomer» ընկերության հայեցակարգի համաձայն ամուսնական արժեքները հիմնարար են։

Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ եւ որեւէ այլ անձնական հարաբերություն ունենալու իրավունք չունի։

Եկեղեցու հետ ամուսնության ուխտին դավաճանած Կտրիճ Ներսիսյանը դեռեւս չի ազատել Վեհարանը, այսպիսով պղծելով մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը։

Դրանով Կտրիճ Ներսիսյանը մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներիս հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։

Մենք դա կանենք միասին։ Պատրա’ստ եղեք։ Վեհարանը վեհի’», – գրել է նա։

Հիշեցնենք, որ օրերս ամերիկյան Astronomer IT ընկերության CEO Էնդի Բայրոնն ու իր աշխատակցուհի Քրիստին Քեբոթին Coldplay-ի համերգի ժամանակ հայտնվել են մեծ էկրանին' գրկախառնված։ Այդպես շատ պատահական բացահայտվել է նրանց սիրային կապը։ Նշենք, որ Բայրոնն ամուսնացած է, ունի երկու երեխա։