ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Լարսում նոր անցակետ կլինի բեռնափոխադրումները թեթևացնելու համար, «168 ժամ» թերթին ասել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը։
Նախորդ տարի ամռանը հայ բեռնափոխադրողները բավականին երկար ժամանակ էին կորցնում Լարսի անցակետում, որտեղ վրացական, թուրքական և այլ փոխադրողների հերթեր էին գոյանում։ Լուծում գտնելու հույսով ՀՀ կառավարությունը դիմել էր ԵՏՄ-ին՝ անդամ երկրների համար առանձին ռեժիմ գործարկելու առաջարկով, գրում է թերթը։ Այդ հարցով թերթի թղթակիցները դիմել են
Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին` պարզաբանումներ ստանալու բանակցությունների ընթացքի վերաբերյալ։
Փոխնախարարը նշել է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են։
Փոխնախարարի խոսքով, տարբեր լուծումներ են քննարկվել ռուս գործընկերների հետ, որ ճանապարհը հնարավորինս լայնացվի, և ռուսական կողմից էլ խնդիրը լուծելու պատրաստակամությունը կա։
«Ոչ միայն առանձին անցակետ կլինի, մենք ուզում ենք լուծումներն այնպես տրվեն, որ այնտեղ առաջացող հիմնական խնդիրները լուծվեն»,– ասել է Առաքելյանը, նշելով, որ այդ տարածքում երկու սարի արանքում սեղմված ճանապարհ է, և մեքենաների հերթերն ավելի շատ գոյանում են կլիմայից ելնելով, նաև գետն աշնանն ու գարնանը վարարում է, ինչը խնդիր է դառնում ճանապարհը լայնացնելու համար։
«Տեղում մի քանի անգամ եղել ենք և գործընկերների հետ լուծումներ ենք առաջարկել։ Դա ոչ միայն հայկական, այլև ԵՏՄ բոլոր փոխադրողների համար առավելություն կլինի։ Այժմ նախագծային աշխատանքներ են իրականացվում, բայց քանի որ իրենց տարածքն Է, մենք չենք կարող ակտիվ ներգրավվել։ Դրանց ավարտից հետո պարզ կլինեն ժամկետները»,– ավելացրել է փոխնախարարը։
Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանն իր հերթին թերթին հայտնել է, որ ճանապարհը լայնացնելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ, տեխնիկապես բարդ ու վտանգավոր է, պայթեցումների խնդիր կա։ Բայց նա միաժամանակ նշել է, որ ներդրումներն արդարացված են, քանի որ գարնան հետ Հայաստանի արտահանումներն ակտիվանում են, և ծավալները կմեծանան, գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում