Կադրերի արտահոսք վարչապետի տեսաուղերձի փորձից. սկանդալը նոր թափ է հավաքում

19.04.2020, 13:27
Փաշինյանի տեսաուղերձի փորձի կադրերի արտահոսքի շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում
Կադրերի արտահոսք վարչապետի տեսաուղերձի փորձից. սկանդալը նոր թափ է հավաքում

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայկական տեղեկատվական դաշտում գնալով լայն շրջանակներ է հավաքում սկանդալը՝ կապված վարչապետի հեռուստաուղերձի տեխնիկական նախապատրաստման կադրերի համացանցում հայտնվելու հետ: Ուղիղ եթերը ապրիլի 17-ին հեռարձակվել է մի շարք հեռուստաընկերություններով:

Загружается новость ... "Лево"

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հեռուստաուղերձի ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսային պայմաններում տնտեսական գործունեության վերսկսման հարցերին։ Ինչպես նաև, վարչապետն առաջարկել է երեք պարզագույն կանոն, որոնք պահպանելու դեպքում հնարավոր է չվարակվել կորոնավիրուսով։

Կադրերի արտահոսք Փաշինյանի տեսաուղերձի փորձից

Հաջորդ օրը համացանցում են հայտնվել կադրեր վարչապետի տեխնիկական փորձից, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետը պատրաստվում հեռուստաուղերձի եթերին: Դրանցում նա ժպտում է, կատակում, երբեմն-երբեմն հազում և ջուր խմում:

Այդ տեխնիկական նախապատրաստման կադրերը մոնտաժվել են կարճ տեսանյութերի և հրապարակվել սոցցանցերում՝ առաջացնելով ինչպես կառավարության, այնպես էլ Հանրային հեռուստաընկերության ղեկավարության վրդովմունքը:

Տեսանյութի՝ համացանցում հայտնվելուց հետո պետական կառույցները շտապեցին մեղադրել Հ1-ին՝ տեխնիկական անձնակազմի կողմից նախապատրաստման կադրերի արտահոսքի մեջ:

Հանրային հեռուստաընկերության արձագանքը 

Նախօրեին երեկոյան Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ստեղծված իրավիճակի հետ կապված: 

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Հ1-ից նշում են, որ ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները՝ Արմենիա ԹիՎի, Շանթ, Միր, Հ2, ԱՐ, Կենտրոն, Երկիր Մեդիա, 5-րդ ալիք:

«Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»,- նշվում է հայտարարության մեջ: 

 

 
Փաշինյանի թիմը բացատրություններ է պահանջում

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի խոսքով, փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։

«Վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։ Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը, եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում»,- նշել է Մանե Գևորգյանը կիրակի իր Facebook-յան էջում:

Վարչապետի քարտուղարն ընդգծել է, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ:


Արտակարգ դրության մասին

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։

Ապրիլի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1291 դեպք, առողջացել է 545 մարդ, 20-ը, ցավոք, մահացել են: -0-