IRI-ի հարցումը ցույց է տվել, թե որ երկրներն են Հայաստանում համարում գործընկերներ, և որոնք՝ սպառնալիք ներկայացնող
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման մասնակիցները Ֆրանսիան, Ռուսաստանը և Եվրոպական միությունը համարել են Հայաստանի կարևորագույն քաղաքական գործընկերներ, իսկ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը՝ ամենամեծ քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ պատասխանելով Հայաստանի կարևորագույն քաղաքական գործընկերների մասին հարցին՝ հարցվածների մեծ մասը նշել են Ֆրանսիան՝ 39%, Ռուսաստանը՝ 35% և Եվրամիությունը՝ 34%։ Հաջորդում են Իրանը՝ 29%, ԱՄՆ-ն՝ 27%, Վրաստանը՝ 18% և Չինաստանը՝ 17%:
Թուրքիան որպես կարևոր քաղաքական գործընկեր է նշել հարցվածների 4%-ը, Ադրբեջանը և Ուկրաինան՝ 3-ական տոկոսը։ Եվս 9%-ը հայտարարել է, որ թվարկված երկրներից ոչ մեկը Հայաստանի համար կարևոր քաղաքական գործընկեր չէ, 2%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է պատասխանից։
Միևնույն ժամանակ, Հայաստանի համար ամենամեծ քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրների մասին հարցին ի պատասխան՝ ռեսպոնդենտների 73%-ը նշել է Ադրբեջանը, 58%-ը՝ Թուրքիան, 32%-ը՝ Ռուսաստանը։ Ուկրաինան և ԱՄՆ-ն նշել են հարցվածների 6-ական տոկոսը, Վրաստանը՝ 4%-ը, Եվրամիությունը՝ 3%-ը, Իրանն ու Ֆրանսիան՝ 2-ական տոկոսը, Չինաստանը՝ 1%-ը։
Հարցումն անցկացվել է 2026 թվականի մայիսի 5-11-ը հեռախոսային հարցազրույցների մեթոդով՝ Հայաստանի 1511 չափահաս քաղաքացիների շրջանում։ Քաղաքական գործընկերների և սպառնալիքների վերաբերյալ հարցերում ռեսպոնդենտները կարող էին ընտրել պատասխանի մի քանի տարբերակ։

