Հյուրընկալության նոր չափանիշ․ Ֆորբսի անդրադարձը Երեմյան ընկերությունների խմբին
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխարհահռչակ Forbes ամսագիրը Հայաստանին նվիրված հատուկ թողարկման շրջանակներում պատմել է Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյա հաջողությունների և երկրում հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության զարգացման գործում ունեցած ներդրման մասին։
Հարցազրույցն անցկացվել է Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ։
- Ո՞ր էական քայլերը նպաստեցին Երեմյան ընկերությունների խմբի կայացմանը՝ որպես հյուրընկալության առաջատար ընկերություն։
Մենք սկսեցինք 2000-ականների սկզբին՝ որպես փոքր ընտանեկան բիզնես, որը ձևավորվեց խորհրդային հասարակարգի փլուզմանը հաջորդած դժվարին տարիներին։
Երբ 2006 թվականին հիմնեցինք մեր առաջին Պանդոկ Երևան ռեստորանը, Հայաստանում հստակ ձևավորված չէր ռեստորանային մշակույթը և հատկապես ընտանեկան ռեստորանի ձևաչափը։ Մեր նպատակը ոչ միայն սունդ մատուցելն էր, այլ սոցիալական վարքագիծն ու ընկալումների փոփոխությունը։
Մենք բանահավաքչությամբ հավաքագրեցինք մոռացված տարածաշրջանային բաղադրատոմսերը, ժամանակակից լուծումներով վերաիմաստավորեցինք դրանք և ստեղծեցինք վայրեր, որտեղ ընտանիքները, կանայք և հյուրերն իրենց ապահով և հարմարավետ կզգային։ Պահանջարկը սրընթաց աճեց, և մենք ընդլայնեցինք մեր գործունեությունը։ Թե նախկինում, թե այժմ մենք առաջնորդվում ենք հավատով՝ որակի, հետևողականության և հանրային բարօրության հանդեպ։ Մեր ռեստորաններում հյուրընկալվող մարդիկ իրենց ավելի միասնական, առողջ և երջանիկ են զգում։
- Ի՞նչ գաղափարի վրա է խարսխված Սերմից՝ սեղան գյուղատնտեսական հայեցակարգը։
Որակը միշտ մեր ամենամեծ առաջնահերթությունն է եղել։ Հայաստանի կաթնամթերքի և մսի շուկայի առաջարկը չէր համապատասխանում մեր չափանիշներին, այդ պատճառով 2019 թվականին հիմնեցինք մեր խելացի ֆերման երկրի բարձրադիր և գեղատեսիլ շրջաններից մեկում։ Եվրոպայից ներկրեցինք մաքրացեղ կենդանիներ և ներդրեցինք Սերմից՝ սեղան հայեցակարգը։
Մենք ինքներս ենք աճեցնում կենդանիների սննդարար անասնակերը, իրականացնում ենք կենդանիների առողջության հսկողություն և կիրառում ենք արտադրական ամբողջական փակ շղթա, ինչը զերծ է պահում կաթն արտաքին միջավայրի հետ շփումից և աղտոտումից՝ կթման գործընթացից մինչև շշալցում։ Այս ամենի արդյունքում ստացվում է մաքուր, սննդարար, առանց հավելումների կաթ։ Մեր ռեստորանների համար ստեղծված նախաձեռնությունը հետզհետե վերածվեց կաթնամթերքի ազգային ապրանքանիշի, որը վաստակել է սպառողների վստահությունը, և մեր ընտանիքները ևս այդ կաթնամթերքի սպառողն են։
- Ինչպե՞ս ընդլայնեցիք գործունեությունը ռեստորաններից դուրս։
Մեզ համար հայկական խոհանոցն ավելին է, քան պարզապես սնունդը, այն միահյուսում է երաժշտությունը, ավանդույթներն ու ինքնության արժևորումը:
Ռեստորանային ցանցի կայացմանը զուգընթաց մենք ներդրեցինք հայկական ժողովրդական և ազգային երաժշտությունը, ինչը դրական արձագանք գտավ հյուրերի շրջանում։
Այնուհետև զարգացրեցինք գաստրոտուրիզմը՝ համագործակցելով տուրօպերատորների հետ: Հյուրերը ցանկանում էին ամբողջական փորձառություն, որը կհամադրեր ավանդական լավաշի թխման և տոլմայի պատրաստման ընթացքը։
Աստիճանաբար զարգացրեցինք նաև երաժշտական նախագծերը՝ դիտարժան երաժշտական շոու-բեմադրումներ՝ ներշնչված հայկական ազգային էպոսից և բարձրակարգ նվագախմբով հագեցած ռեստորան։
Հայկական մշակույթը մշտապես ներկայացրել ենք ժամանակակից հյուրընկալության ձևաչափով՝ միևնույն ժամանակ պահպանելով ավանդույթների շունչն ու էությունը:
- Ո՞րն է կրթության դերը հյուրընկալության էկոհամակարգի հզորացման գործում։
Սպասարկման որակն ազգային մարտահրավեր էր, և մենք ստեղծեցինք Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան, որտեղ պարբերաբար անցկացվում են վերապատրաստումներ ինչպես մեր, այնպես էլ այլ հաստատությունների աշխատակիցների համար՝ նպաստելով ապասարկման մակարդակի բարձրացմանը։
Հարկ է նշել, որ մեր համագործակցությունը City of Oxford College-ի հետ օգնեց ներդնել միջազգային չափանիշներ, և Ակադեմիան դարձավ հարթակ խոհարական դիվանագիտության և փորձի փոխանակման համար, որտեղ ծրագրերը հաճախ իրականացվում են դեսպանների և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համատեղ։ Շեֆ խոհարարներն ու ուսանողները գալիս են Ակադեմիա՝ ուսանելու և հասկանալու, թե ինչ պահանջներ է ներկայացնում ժամանակակից հյուրընկալության ոլորտը։
Ի թիվս այլ ակտիվությունների՝ մենք իրականացնում են ծրագրեր երեխաների համար՝ «Կաթ դպրոցներին» ծրագիրը, «Այց Երեմյան գործարան» նախագիծը, որոնք նպաստում են առողջ սննդային սովորությունների ներդրմանը, գաղափար են տալիս STEM հմտությունների և ժամանակակից գյուղատնտեսական մասնագիտությունների մասին։
Կրթությունը մեր ընկերության և երկրի երկարաժամկետ առաջընթացի հիմնասյունն է։

