ՀՀ ԱԳ ղեկավարը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

10.02.2016, 16:30
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-13–ը կմեկնի Գերմանիա:
ՀՀ ԱԳ ղեկավարը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-13–ը կմեկնի Գերմանիա` մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում ծրագրված են Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Մյունխենի անվտանգության 52–րդ համաժողովը կանցկացվի փետրվարի 12-14–ը։ Այդ խոշոր միջազգային միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 550 բարձրաստիճան քաղաքական գործիչներ, որոնց թվում են պետությունների և կառավարությունների ղեկավարներ, անվտանգության և միջազգային հարաբերությունների բնագավառի փորձագետներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-