Հայաստանում հնագետները հայտնաբերել են միջնադարյան մատուռ-դամբարան և Երիցվանք անառիկ ամրոցի հետքերը

28.08.2026, 19:37
Ավանդության համաձայն՝ Երիցվանք վանական համալիրը հիմնադրել է Սյունյաց Երիցակ եպիսկոպոսը 5-րդ դարի վերջին - 6-րդ դարի սկզբին
Հայաստանում հնագետները հայտնաբերել են միջնադարյան մատուռ-դամբարան և Երիցվանք անառիկ ամրոցի հետքերը

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Սյունիքի մարզում ավարտվել է Կապան համայնքում գտնվող Երիցվանք վանական համալիրի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցում իրականացվող հնագիտական պեղումների առաջին փուլը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, հնագիտական արշավախումբը պեղումներն իրականացրել է հուլիս-օգոստոս ամիսներին։

Ավանդության համաձայն՝ Երիցվանք վանական համալիրը հիմնադրել է Սյունյաց Երիցակ եպիսկոպոսը 5-րդ դարի վերջին - 6-րդ դարի սկզբին։

Պեղումների արդյունքները, մասնավորապես, հաստատել են հետազոտողների այն ենթադրությունը, որ Երիցվանքը, հավանաբար, 10-11-րդ դարերում շրջապատված է եղել կրկնակի պարիսպներով և վերածված է եղել անառիկ ամրոցի։

12-13-րդ դարերում համալիրի հյուսիսային կողմում կառուցվել է կրկնահարկ մատուռ-դամբարան։

Պեղումների առաջին փուլն ավարտված է, սակայն հնագետները շարունակում են ուսումնասիրել գտածոները՝ դրանց պատմությունն ու նշանակությունը պարզելու նպատակով։