Հայաստանի ֆինանսների նախկին նախարարը բերման կենթարկվի ԱԱԾ. Վանեցյան

27.08.2019, 16:59
ԱԱԾ Քննչական դեպարտամենտի աշխատողները զննություններ են անցկացնում ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող կալվածքում և տարածքներում։
Հայաստանի ֆինանսների նախկին նախարարը բերման կենթարկվի ԱԱԾ. Վանեցյան
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ազգային անվտանգության ծառայության Քննչական դեպարտամենտի աշխատողները զննություններ են անցկացնում ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ պետ Գագիկ Խաչատրյանին պատկանող կալվածքում և տարածքներում։ Այդ մասին լրագրողներին երեքշաբթի հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Քննչական դեպարտամենտի աշխատողներն առավոտից քննչական գործողություններ, զննություններ են անցկացնում ոչ միայն Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, կալվածքում, տարածքներում, այլ նաև նրա հետ համակցված մարդկանց մոտ։ Զննությունները դեռ շարունակվում են, ինչից հետո նա բերման կենթարկվի Ազգային անվտանգության ծառայություն, իսկ Քննչական դեպարտամենտը մեղադրանք կառաջադրի»,– ասաց նա։

Վանեցյանի խոսքով, քննչական գործողությունները կատարվում են Խաչատրյանի` նախարարի և ՊԵԿ ղեկավարի պաշտոնում լիազորությունների կատարման ժամանակ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում։

«Չի բացառվում, որ առաջադևված մեղադրանքը կլրացվի նոր հոդվածներով։ Դրանք Քննչական դեպարտամենտի լիազորություններն են, դրանք էլ կկատարեն դեպարտամենտի աշխատակիցները»,– ասաց նա, ավելացնելով, որ այսօրվա դրությամբ խոսքը գնում է մի քանի միլիոն դոլարի վատնման մասին։

Վանեցյանն ընդգծեց, որ այս պահին զննության ընթացքի մասին տեղեկությունը քննության գաղտնիք է։

«Երբ ժամանակը գա, ամեն ինչ կհրապարակվի»,– ավելացրեց նա։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու ԱԱԾ–ն քննչական գործողություններ չի ձեռնարկել ավելի վաղ, հիմնվելով մամուլի հրապարակումներին, գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ կատարվում էր անհրաժեշտ տեղեկություն և ապացույցներ հավաքելու գործընթաց, որոնք էլ պատճառ դարձան Խաչատրյանի տանը զննություն անցկացնելու և բերման ենթարկելու որոշման համար։

«Եթե մենք չունենայինք ապացույցներ, զննություն չէր կատարվի, անկախ նրանից, թե ում մասին է խոսքը»,– ընդգծեց նա։

Վանեցյանը հայտնեց նաև, որ բացի Խաչատրյանի բնակարանից, քննչական գործողություններ են տարվում նաև նրա բարեկամի` հարկային տեսչության նախկին աշխատող Կարեն Խաչատրյանի մոտ։

«Կարեն Խաչատրյանը և բոլոր մյուս անձինք, որոնց մոտ զննություն է կատարվում, մինչև օրվա վերջ բերման կենթարկվեն»,– ասաց նա։ -0-