Երևան–Բեռլին ուղիղ չվերթերն արդեն գործարկվել են

19.06.2018, 11:00
Germania Airlines գերմանական ավիաընկերությունը գործարկել է Բեռլին–Երևան–Բեռլին կանոնավոր չվերթեր:
Երևան–Բեռլին ուղիղ չվերթերն արդեն գործարկվել են
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Germania Airlines գերմանական ավիաընկերությունը գործարկել է Բեռլին–Երևան–Բեռլին կանոնավոր չվերթեր, իսկ Հայաստանում ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Sidon Travel–ն է։

Ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ առաջին թռիչքն իրականացվել է հունիսի 17–ին։ Կանոնավոր չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ կիրակի օրերին։

Sidon Travel–ի սեփականատեր, Հայաստանում Պորտուգալիայի պատվավոր հյուպատոս Սեմ Սամուելյանն ասել է, որ երկու մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցումը Germania Airlines–ի և Հայաստանի միջև երկամյա բանակցությունների արդյունք է։

«Ամենակարճ ճանապարհն ուղիղն է, և ժամանակն է այն հաստատել Երևանի և Բեռլինի միջև։ Մենք փորձում ենք ավելի մոտ դարձնել այդ երկրները, և հունիսի 17–ին դա իրականացվեց»,– ասել է Սամուելյանը։

Նշվել է, որ դա կատարվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Գերմանիայում Հայաստանի և Հայաստանում Գերմանիայի դեսպանությունների, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համատեղ ջանքերի շնորհիվ։

Sidon Travel–ի գլխավոր տնօրեն Լիլիթ Գևորգյանը նշել է, որ չվերթի ժամանակ ուղևորներին առաջարկվում է տոմսերի արժեքի մեջ ընդգրկված ծառայությունների համալիր փաթեթ` նախուտեստներ, զովացուցիչ ընպելիքներ, ամսագրեր։ Երևան–Բեռլին ուղղությամբ ավիատոմսերի նվազագույն գինը կազմում է 169 եվրոյի համարժեք դրամ, իսկ երկու ուղղություններով` 338 եվրո։ Անվճար ուղեբեռի թույլատրելի քաշը կազմում է 20 կգ։ -0-