Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները. ԿԸՀ նախագահը ներկայացրել է, թե ինչպես են ձևավորվելու կոալիցիաները
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Նախկինում օրենքն արգելում էր 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած դաշինքների ձևավորումը: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ այս արգելքը հանվել է:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ընդգծելով, որ նոր կարգավորումների համաձայն՝ առաջին 9-օրյա ժամկետում դաշինք կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին:
«Եթե այդ ժամկետում առավել ձայներ ստացած քաղաքական ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ միջազգային տերմինաբանությամբ ընդունված է ասել «փոքրամասնության կառավարություն» կամ «փոքրամասնության կոալիցիա» ձևավորելու»,- ասել է Հովակիմյանը:
Նրա խոսքով՝ դրա վառ օրինակն էր Գյումրին, երբ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը միավորվեցին, և ձևավորվեց կոալիցիա:
«Արդյունքում՝ առավել ձայն ստացած քաղաքական ուժն այդ կոալիցիայից դուրս մնաց, այսինքն՝ կառավարումը ստանձնեց փոքրամասնության կոալիցիան»,- ասել է ԿԸՀ նախագահը։
Հայաստանում ԱԺ ընտրությունները կանցկացվեն 2026 թ.-ի հունիսի 7-ին։

