Բադասյանը նշել է, թե որն է ամենաանվտանգ վայրը COVID-19-ից պաշտպանվելու առումով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այս պահի դրությամբ ամենաանվտանգ տեղը կորոնավիրուսից պաշտպանվելու առումով ՔԿՀ-ներն։ Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական հարթակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հարցին, թե ինչու ժամանակավոր ռեժիմով բաց չեն թողնում ազատությունից զրկվածներին կալանավայրերից, քանի որ շատ երկրներում կա նմանօրինակ պրակտիկա, Բադասյանը հայտնել է, որ նման պրակտիկա կա այն երկրներում, որտեղ ՔԿՀ-ների գերբեռնվածության խնդիր կա։
Նա ընդգծել է, որ որևէ անհրաժեշտություն այդ մասով չկա՝ նշելով, որ ՔԿՀ-ների վիճակը Հայաստանում լավագույններից մեկն է աշխարհում այն առումով, որ ծանրաբեռնվածության ցուցանիշը 43 տոկոս է:
«Այս պահի դրությամբ ամենաանվտանգ տեղը կորոնավիրուսից պաշտպանվելու առումով ՔԿՀ-ներն են: Որևէ անհրաժեշտություն այդ մասով չկա: Այնուամենայնիվ մի շարք դեպքերում ԱՆ-ն դիմել է Գլխավոր դատախազություն, որ եթե ոչ մեծ, միջին ծանրության հանցագործությունների մասին է խոսքը գնում, և անձն այդ մեղադրանքի շրջանակում է կալանավորված, ապա նմանատիպ դեպքերում միջնորդություններ են ներկայացվել, որպեսզի կալանք խափանման միջոցը փոխվի»,- նշել է Բադասյանը՝ ընդգծելով, որ դա արվել է ևս որոշ չափով բեռնաթափում ապահովելու համար:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով: -0-