Ադրբեջանը հայտնել է հայկական ուժերի կողմից անօդաչուների կիրառման մասին

17.05.2017, 16:02
Հայկական razm-info պորտալը հայտնել է, որ հայկական ուժերն Արցախում կիրառել են մարտական անօդաչու թռչող սարքերը։
Ադրբեջանը հայտնել է հայկական ուժերի կողմից անօդաչուների կիրառման մասին
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական razm-info պորտալը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, չորեքշաբթի հայտնել է, որ հայկական ուժերն Արցախում կիրառել են մարտական անօդաչու թռչող սարքերը։

Դա ադրբեջանական կողմի առաջին հիշատակումն է հայկական կողմից շփման գծում ՄՍԹՍ կիրառման մասին։

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը չորեքշաբթի առավոտկան հայտնել է, որ Ադրբեջանը Մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց։

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 (4 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):

Հայկական անօդաչուների մշակումների մասին Razm.info–ն հայտնել էր դեռսև 2016 թվականի հոկտեմբերին, երբ սարքը գտնվում էր փորձարկման փուլում և ցուցադրվել էր հատուկ հյուրերին ArmHiTec-2016 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի փակ ցուցադրության ընթացքում։ -0-