Թորոսյանը խոսել է ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված մարդկանց վիճակի մասին

19.03.2020, 12:46
Թորոսյանը խոսել է ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված մարդկանց վիճակի մասին
Թորոսյանը խոսել է ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված մարդկանց վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների կյանքին ոչինչ չի սպառնում, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։

«Ունենք վարակի 115 հաստատված դեպք, մեկ ապաքինված։ Պացիենտների վիճակը բավարար է, եթե անգամ նայենք ջերմությանը, ապա միայն հինգ քաղաքացիների մոտ է այն 38–ից բարձր, 39–ից բարձր չկա», – ասաց նա։

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում կա 60 տարեկանից բարձր հիվանդացած 13 քաղաքացի։ Նրանցից ոչ մեկի մոտ չկա ջերմության բարձրացում, և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։

Загружается новость ... "Лево"

Միաժամանակ նա նշեց, որ հաջողվել է մարել համաճարակի օջախը Չինաստանում և երեկվա դրութամբ չի գրանցվել վարակի ոչ մի դեպք։

Միաժամանակ նախարարը նշեց, որ հիվանդությունը շարունակում է ինտենստիվորեն տարածվել Արևմտյան Եվրոպայում։ Ֆրանսիայում, Գերմանիայում վարակվածների թիվը մոտենում է 10 հազարի, իսկ Իտալիայում վարակակիրների թիվն անցել է 30 հազարը։

«Իտալիայում մահացածների թիվը մոտենում է 3 հազարի, ինչը շատ տխուր է։ Մահացածների մեծ մասը 70 տարեկան և բարձր մարդիկ են», – ասաց Թորոսյանը։

ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Մարտի 18–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 115 դեպք։ Առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–