ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

27.04.2023, 12:01
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով՝ ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը, հայտարարեց Փաշինյանը. ՎԻԴԵՈ
ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով՝ ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

«Բացի Ռուսաստանի Դաշնությունից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի: Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը: Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», – ասաց վարչապետը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնա Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա միջազգային ֆորմատի շրջանակներում:

Загружается новость ... "Лево"

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Արդբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ: Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը, և որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն», – ասաց նա։

Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում:

«Ու եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից: Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է», – ասաց վարչապետն` ավելացնելով, որ միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղարդմանը Լաչինի միջանցքում:

«Բայց կարևոր է նաև արձանագրել այս և սրան նախորդած մի շարք գործողությունների իրական և խորքային նպատակը: Այդ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելն է, և հենց սա պետք է լինի մեր բոլորիս, միջազգային հանրության ուշադրության առարկան», – ասաց նա։

Նա ընդգծեց, որ Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է:–0–