Փաշինյանը զգուշացրեց կորոնավիրուսի նոր բռնկման սպառնալիքի մասին և բացատրեց Նորաշեն գյուղը մեկուսացնելու պատճառները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Համաճարակի մեր կորը գտնվում է կառավարելիության տիրույթում, բայց եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, մենք կարող է իսկապես ունենանք համաճարակի նոր բռնկում։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։
Նրա խոսքով, օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել։
«Եվ դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության։ Նրան իհարկե նախապես զգուշացրել են, որ պետք է պահել հեռավորություն և որոշակի կանոններ պահպանել», – նշեց վարչապետն` ավելացնելով, որ մեկուսացման մեջ գտնվող անձը գնացել է հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը ոստիկանության և մասնագետի ուղեկցությամբ։
«Բայց հասկանալի է, որ իրավիճակը շատ հուզումնալից է եղել, նրանք այնուամենայնիվ չեն պահել պայմանները և հարազատների հետ գրկախառնվել են, և երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս, և սրա արդյունքում պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքը ամբողջությամբ մեկուսացնել», – նշեց վարչապետը։–0–