Մայիսի 12-ից Շիրակի մարզում կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Շիրակի մասնաճյուղում մայիսի 12-ից կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ, հայտնում է Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Լաբորատոր սարքավորումներն արդեն Գյումրիում են։ Դրանց գործարկմանը և աշխատանքների մեկնարկին ծանոթացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
« Մարզպետը շրջել է կենտրոնում, հետևել աշխատանքների ընթացքին, ծանոթացել կադրային ներուժին, աշխատակազմի հետ քննարկել առկա իրավիճակին վերաբերող հարցեր, կարևորել՝ անվտանգության նորմերի պահպանումն ու լաբորատոր կարողությունների անխափան օգտագործումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսուհետ մարզում հնարավորություն կլինի իրականացնել օրական միջինը 60 ՊՇՌ հետազոտություն։
Հայաստանում մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ:-0-