ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Քաղաքապետի որոշմամբ, Երևանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ։
Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Խոսքը 9700 երեխաների մասին է: Նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս ամիսներին որոշակի բարդություն էր ստեղծում աշխատող ծնողների համար: Հիմա փաստացի ազատվում ենք այդ խնդրից», – նշել է Կարապետյանն`ընդգծելով, որ ավարտող երեխաների խմբերի դաստիարակները և օգնականները կարող են օգտվել իրենց ամենամյա արձակուրդից, քանի որ նշված ժամանակահատվածում քաղաքապետարանը այս խմբերում փոխարինող աշխատակիցների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ է նախատեսել։–0–