Ինչ է սպասվում Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային 2020 թ.–ին. ներկայացնում է աստղաբանը
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Աստղաբան էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել է, թե ինչ է սպասվում Հայաստանին 2020 թվականին՝ սպիտակ մետաղյա Առնետի տարում։
Աննախադեպ տարի է սպասվում
Աստղաբանը, մասնավորապես, նշեց, որ սկսվում է Սատուրնի տարին և կենդանակերպային նոր ցիկլ` ըստ արևելյան աստղաբանության։
«Աննախադեպ տարի է սպասվում, և դա շատ լավ հարթակ է ստեղծում 2021թվականի համար, երբ սպասվում են մեծ փոփոխություններ»,- ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը Երկվորյակի նշանի տակ է գտնվում, և նրան հատուկ է այն ամենն, ինչ բնորոշ է այդ նշանին ՝ որոշակի երկվություն։
«Աստղաբանական տեսանկյունից Սատուրն-Երկվորյակ հարաբերությունները փոքր ինչ լարված են, սակայն հնարավորությունների դաշտն ընդլայնվում է»,- ասաց նա։
Աստղաբանը զգուշացրեց, որ 2020թ.-ին բոլոր գաղտնիքները կբացահայտվեն։ Եվ այդ համատեքստում քաղաքական փոփոխությունները կունենան հետևողական բնույթ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։
Կտրուկ քաղաքական ցնցումներ չեն սպասվում
«Կտրուկ ցնցումներ, որպես այդպիսին, չեն սպասվում։ Սակայն հաջորդ տարի Լուսնի խավարումները կլինեն սովորականից ավելի շատ»,- ասաց աստղաբանը։
Հովհաննիսյանի խոսքով, Ջրհոսների և Այծեղջյուրների ներքին ընդհարումը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա, մասնավորապես, սոցիալական և քաղաքական։ Քաղաքականության դերը կնվազի` հասնելով գրեթե զրոյական մակարդակի։
«Իրականում, մարդիկ կսկսեն հասկանալ, որ պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելը հնացած հնարք է»,- պարզաբանեց նա`հավելելով, որ «թավշյա հեղափողության» օրերին սկսված միտումները կշարունակվեն 2020 և հատկապես 2021 թվականներին։
Պետք է զգույշ լինել Թուրքիայի հետ
«Թուրքիայի հարցում դժվար է ասել, քանի որ դեռ այդ երկրի ժամանակն է, և այն շատ բան կարող է անել։ Բայց դա անպայման կավարտվի։ Պետք է շատ զգույշ լինել, հատկապես Թուրքիայի հանդեպ»,- ասաց աստղաբանը։Անդրադառնալով Ադրբեջանին` Հովհաննիսյանը նշեց, որ այդ երկիրը Սատուրնի ազդեցության տակ է, և ամեն ինչ տանում է դեպի «այդ պատրանք-երկրի անկմանը»։
Բեկումնային տարի ղարաբաղյան խնդրի համար
«2020–2021 թվականները կարող են շատ բեկումնային լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Ամեն դեպքում մինչև 2021 թվականը կա որոշակի հստակություն։ Հետևաբար, այս երկու տարիները շատ կարևոր են` մեզ անհրաժեշտ արդյունքների հասնելու համար»,- նշեց աստղաբանը։-0-