Հայկական Boeing–ի առևանգման շուրջ սկանդալը նոր թափ է ստանում. քննություն է սկսել ավիաընկերությունը

24.02.2021, 22:31
Հայկական Boeing–ի առևանգման շուրջ սկանդալը նոր թափ է ստանում. քննություն է սկսել ավիաընկերությունը
Հայկական Boeing–ի առևանգման շուրջ սկանդալը նոր թափ է ստանում. քննություն է սկսել ավիաընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Fly Armenia Airways ավիաընկերությունը պարզաբանել է Boeing–ի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտնել էր, որ փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում: ՔԱԿ–ից հայտնել էին, որ կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ընթանում է քննություն։

««Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում` EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում, որից հետո՝ ս․թ․ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը։ Ս․թ․ փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։ Այս պահին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից կատարվում է քննություն։ Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ավիաընկերությունը կտրամադրի ավելի ուշ»», – նշվում է ավիաընկերության Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ 

Նախօրեին Քաղավիացիայի կոմիտեից հայտնել էին, որ օդանավում ուղևորներ չեն եղել, օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:

Ավիաընկերության մասին

Fly Armenia Airways ավիաընկերությունը Քաղավիացիայի կոմիտեից արտոնագիր է ստացել 2020թ.–ի հուլիսին։ Ընկերությունը թռիչքներ էր իրականացնում Ռուսաստան, Եվրոպա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև նախատեսում էր գործարկել ուղիղ չվերթեր Լոս Անջելես, Պեկին և Շանհայ։ Ավիապարկում կան Boeing 737 տիպի օդանավեր, բեռներ տեղափոխելու համար Fly Armenia Airways–ը շահագործելու է Airbus A-300F և Boeing B-747F տիպի բեռնատար օդանավեր։–0–