100 հազար քաղաքացի կդառնա սոցաջակցության ծրագրերից մեկի շահառուները. փոխվարչապետը նշել է կատեգորիան
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ավելի քան 100 հազար քաղաքացի կդառնա սոցաջակցության ծրագրերից մեկի շահառուները, ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երկուշաբթի Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։
ՀՀ կառավարությունը մարտի 26–ին հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համալիր ծրագիրը։ Նախատեսվում է իրականացնել աջակցության փաթեթներ 5 ուղղությամբ։ Մարտի 30–ին կառավարությունը հաստատեց լրացուցիչ ծրագրեր 3 ուղղությամբ։
«Ամենից շատ շահառուները ներառված են 8–րդ ծրագրում, նրանց թիվը գերազանցում է 100 հազարը։ Սա հստակ թիվ է, քանի որ շահառու կարող են դառնալ միայն այն անձինք, ովքեր պաշտոնապես գրանցված աշխատակիցներ են։ Պետությունն ունի ռեեստր, որը թույլ է տալիս հստակ նույնականացնել շահառուների թիվը», – ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ նախագծում անհրաժեշտ է կատարել որոշակի լրացումներ, այդ պատճառով նա չի նշում հստակ թիվը, սակայն անգամ լրացումներից հետո այդ թիվը կլինի ավելի քան 100 հազար։
Փոխվարչապետը նաև նշեց, որ այս պահին դժվար կլինի նշել բիզնեսի համար նախատեսված ծրագրերի շահառուների թիվը, սակայն, այդուհանդերձ, սպասվում է ձեռներեցների զանգվածային ներգրավվածություն։
Նրա խոսքով, նույնը վերաբերում է գյուղատնտեսական ոլորտի աջակցությանն ուղղված ծրագրերին։
Մարտի 30–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 482 դեպք, բուժվել է 30 մարդ, փաստացի բուժում է անցնում 449 մարդ, բացասական թեստերի թիվն է 2216, 3 մարդ, ցավոք, մահացել է։–0–

