Հ1–ը հայտարարություն է տարածել Փաշինյանի տեսաուղերձի փորձի կադրերի «արտահոսքի» վերաբերյալ

19.04.2020, 23:21
Հ1–ը հայտարարություն է տարածել Փաշինյանի տեսաուղերձի փորձի կադրերի «արտահոսքի» վերաբերյալ


Հ1–ը հայտարարություն է տարածել Փաշինյանի տեսաուղերձի փորձի կադրերի «արտահոսքի» վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հանրային հեռուստաընկերությունն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ հեռուստաընկերության աշխատակազմը խորապես ցավում է համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ:

Հայկական տեղեկատվական դաշտում մեծ թափ է հավաքում սկանդալ, որը կապված էվարչապետի հեռուստաուղերձի տեխնիկական նախապատրաստման կադրերի համացանցում հայտնվելու հետ: Ուղիղ եթերն ապրիլի 17-ին հեռարձակվել է մի շարք հեռուստաընկերություններով: Հաջորդ օրը համացանցում են հայտնվել կադրեր վարչապետի տեխնիկական փորձից, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետը պատրաստվում հեռուստաուղերձի եթերին: Կադրերում նա ժպտում է, կատակում, երբեմն-երբեմն հազում և ջուր խմում:

Այս ամենի կապակցությամբ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտարարել է, որ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։ Գևորգյանն ընդգծել է, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ:

Հեռուստաընկերության Facebook–յան էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո Հանրային հեռուստաընկերությունը, ՀՀ կառավարության հորդորով, նույն բաց կապուղով, նույն պայմաններով, չափանիշներով և ընթացակարգերով ապահովել է 50-ից ավելի անխափան ուղիղ միացումներ: 

«Այս հանգամանքն արդեն իսկ փաստում է հեռուստաընկերության արհեստավարժ և համակարգված աշխատանքի մասին», – նշվում է հայտարարության մեջ:

Հեռուստաընկերությունից նաև նշել են, որ սույն թվականի ապրիլի 17-ին, ժամը 20:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հեռարձակվել է բաց կապուղով, որին հասանելիություն են ստացել ևս 8 հեռուստաընկերություն և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

«Ինչ վերաբերում է ուղիղ եթերում ՀՀ վարչապետի ելույթներին՝ ընդգծենք, որ վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին», – հայտարարել են հեռուստաընկերությունից։

Նշվում է, որ ինչպես նախկինում, այս դեպքում էլ ուղիղ եթերից առաջ տրամադրվել է բաց կապուղի ՀՀ կառավարության հորդորով, որից րոպեներ առաջ կատարվել է կապուղու փորձարկում, որպեսզի հեռարձակող հեռուստաընկերությունները կարողանան ստուգել հնարավոր խնդիրները և լուծել դրանք:

«Եթերից առաջ հեռուստաընկերության աշխատակիցը ներկաներին բարձրաձայն տեղեկացրել է ՝ մենք REC.ենք, ինչը նշանակում է՝ մենք ձայնագրման փուլում ենք: Սա պարտադիր ընթացակարգ է: Նկարահանման ամբողջ ընթացքին ներկա են եղել ինչպես վարչապետի խոսնակը, այնպես էլ տեղեկատվական վարչության աշխատակիցները: Հեռուստաընկերության որևէ աշխատակից առանց հատուկ ցուցման կամ թույլտվության չի կարող թողնել իրեն վստահված տեղը», – նշվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ։

Հ1–ից նաև նշել են, որ այս պարագայում շահարկվող «արտահոսք» բառը մասնագիտորեն տեղին չէ, քանի որ բաց կապուղով տրամադրվող նյութը, ինչպես նշված է, հասանելի է եղել նախապես հայտարարված 8 հեռուստաընկերություններին և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջին։

Հեռուստաընկերությունից ավելացրել են, որ Հանրային հեռուստաընկերությունը աշխատել և աշխատում է ապահովել անխափան եթեր ու այն հասանելի դարձնել բոլորին:

«Առաջին ալիքի թիմը պատրաստ է մասնագիտական պատասխանատվություն կրել միայն իր գործառույթների համար», – նշված է հայտարարության մեջ։–0–