Գեղարքունիքի մի շարք համայնքներ հոսանքազրկվել են երկրաշարժի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հեռավորության վրա գրանցված երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերածությունները չեն եղել:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը`հղում անելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին:
«Խոշոր ավերվածություններ չունենք: Այս պահի տվյալներով՝ որոշ հին շինություններ, գոմեր են վնասվել և էլեկտրահաղորդման գծերի վնասներ ունենք, որի հետևանքով շրջակա համայնքներում այս պահին հոսանք չկա: Շողակաթ և Ճամբարակ խոշորացված համայքների բնակավայրերում հոսանք չկա: Մասնագետներն աշխատում են, շուտով հոսանքը կվերականգնվի»,- ասելէ Սանոսյանը:
Մարզպետը նշել է, որ շինությունները վնասվել են հիմնականում Շորժա և Արտանիշ համայնքներում: Զոհեր և վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 - 4 բալ ուժգնությամբ:–0–