Ավինյանը մեկնաբանել է, թե քանի օր կարող են պահպանվել երկրում սահմանված տեղաշարժի խստագույն ժամկետները

26.03.2020, 12:16
Ավինյանը մեկնաբանել է, թե քանի օր կարող են պահպանվել երկրում սահմանված տեղաշարժի խստագույն ժամկետները
Ավինյանը մեկնաբանել է, թե քանի օր կարող են պահպանվել երկրում սահմանված տեղաշարժի խստագույն ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ նշել է, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածման սցենարը վատագույն ձևով տեղի չի ունենում։

«Առողջապահության նախարարն այսօր առավոտյան ներկայացրել է վերլուծությունը, կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածման սցենարը վատագույն ձևով տեղի չի ունենում», – նշեց վարչապետն` ավելացնելով, որ տեղի է ունենում մինչև հիմա աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտիկ սցենարով, «իհարկե, եթե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ»:

«Այլ երկրներում մենք տեսնում ենք, որ թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Մեզ մոտ երկրաչափական պրոգրեսիա, փառք Աստծուն, այս պահին չկա: Կա որոշակի աճ, բայց այս իրավիճակը հսկողության տակ պահելու համար անհրաժեշտ է, որ այս մեկ շաբաթյա խստագույն ռեժիմը պահպանենք»,-ասաց վարչապետը:

Загружается новость ... "Лево"

Իր հերթին ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախորդ տարի մարտ-ապրիլին Երևանում եղել է մոտ 550հազար ուղևոր, որ տեղափոխվել են տարբեր տրանսպորտային միջոցներով` մետրո , ավտոբուս, երթուղային։

«Երեկվա դրությամբ մենք ունեինք 18 հազար ուղևոր, որը նշանակում է, որ ընդհանուր ուղևորահոսքը մոտավորապես 30 անգամ կրճատվել է: Մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում։ Մեր քաղաքացիները բավականինն գիտակցաբար են մոտենում այս իրավիճակին։ Ոստիկանությունը նախօրեին կազմել է վարչական իրավախախտման 158 արձանագրություն», – ասաց ՀՀ փոխվարչապետը:

«Եթե վարակվածության այս նվազ տեմպերը պահպանվեն, ապա մենք մեր մատնանշած 7-օրյա ժամկետում կփորձենք տեղավորվել և ավել օրեր չենք խնդրի մեր քաղաքացիներից, որպեսզի այս սահմանափակ ռեժիմով տեղաշարժվեն և գործունեության տեսակները նույնպես կասեցված մնան», – նշեց Ավինյանը:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 26–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 290 դեպք։ Երկու պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ 18 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–