ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Երեկ երեկոյան 20:30-ի սահմաններում հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի «Նիվա» մակնիշի մեքենան։ Այս մասին հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Facebook-յան իր էջում:
Թովմասյանը նաև հայտնել է, որ իր հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել վ/շ ղեկավարի հետ, ով հաստատել է տեղեկությունը և նշել, որ բնակիչներն արդեն սովոր են, և կրակոցներ պարբերաբար են լինում, ուստի համայնքում խուճապ չկա:
«Իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ինչպես և սպասելի էր, լուռ է, ադրբեջանական քարոզչամեքենան՝ ակտիվ: Սա ՀՀ բնակիչների կյանքի և խաղաղ ապրելու իրավունքի կոպիտ ոտնահարում է, որի նախադեպերը տեսնում ենք գրեթե ամեն օր: Վաղը ևեթ գրություններ եմ ուղարկելու միջազգային գործընկերներիս՝ ակնկալելով համապատասխան արձագանք ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ», - գրել է Թովմասյանը:-0-