ԱՆ–ն ներկայացնում է, թե ինչից են մահանում Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդիկ (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

08.05.2020, 17:46
ԱՆ–ն ներկայացնում է, թե ինչից են մահանում Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդիկ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
ԱՆ–ն ներկայացնում է, թե ինչից են մահանում Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդիկ (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է տեղեկատվություն Հայաստանում կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ։ 

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ մայիսի 8-ի դրությամբ ընդհանուր թիվը կազմում է 43», – նշվում է ԱՆ–ի տարածած հաղորդագրության մեջ: 

Գրեթե բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն (38% դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ (13%), զարկերակային հիպերտենզիա (60%), շաքարային դիաբետ (38%), մետաբոլիկ համախտանիշ, քրոնիկական պիելոնեֆրիտ, մնացորդային երևույթներ կրած ինֆարկտից և ինսուլտից հետո, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շագանակագեղձի քաղցկեղ, սակավարյունություն և այլն: 

«Հիմնականում պացիենտներն ունեցել են 1-ից ավելի ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՆ–ից հայտնում են, որ դեպքերի գերակշիռ մասում անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակ է հանդիսացել բազմաօրգանային անբավարարությունը, սուր շնչառական անբավարարությունը, իսկ որպես հիվանդություն կամ ախտաբանական վիճակ, որը հանգեցրել է վերը նշվածին, հիմնականում եղել է երկկողմանի թոքաբորբը:

Հարկ է նշել, որ պացիենտներից 5-ի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, 5-ի մոտ` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, 2-ի մոտ` նախասրտերի շողացում, իսկ 5 պացիենտ ունեցել է քրոնիկական երիկամային անբավարարություն (տերմինալ շրջան), որոնք իրենց հերթին հանդիսացել են անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակի առաջացման պատճառ:

«Ունեցել ենք մահվան մեկ դեպք (69-ամյա տղամարդ), երբ պացիենտը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կից գրաֆիկական պատկերում մահվան դեպքերն արտացոլված են` ըստ սեռի և տարիքային խմբի:

Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած, 43-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29205 թեստավորում:–0–