ԱԺ խոսնակը նշել է, թե ինչի մասին են խոսել Փաշինյանն ու «Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը երեքշաբթի լրագրողներին ասել է, թե ինչի մասին են խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը։
Նշենք, որ հունիսի 16–ին Փաշինյանն ու Կարապետյանը զբոսնել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից վերանորոգված այգում, որի բացումը տեղի է ունեցել հունիսի սկզբին։
«Որքան գիտեմ, խոսքը եղել է Կարապետյանի կողմից գործող տնտեսական ծրագրերի շարունակության, նոր ներդրումների հնարավորության, Հայաստանում տնտեսական ակտիվության և ցուցանիշների մասին։ Քննարկվել է նաև նոր ենթակառուցվածքի ձեռք բերման հնարավորությունը», – նշել է Միրզոյանն ու ընդգծել, որ ողջունում է նման հանդիպումները։
Նա նաև հավելել է, որ նման հանդիպումներ կազմակերպվել են նաև նախկինում, այդ թվում` այլ գործարարների հետ, ինչպես Ռուսաստանից, այնպես էլ այլ երկրներից։–0–