Ուրախ լուր. հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկները սկսել են ինքնուրույն շնչել

13.05.2017, 23:14
Մայիսի 3–ին ծնված հնգյակից երկու աղջիկները սկսել են ինքնուրույն շնչել։
Ուրախ լուր. հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկները սկսել են ինքնուրույն շնչել
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 3–ին ծնված հնգյակից երկու աղջիկները սկսել են ինքնուրույն շնչել։

Ինչպես Facebook–յան իր էջում տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանին, երկու աղջիներն այժմ ինքնուրույն են շնչում առանց թոքերի արհեստական օդափոխության։

«Սակայն նրանք շարունակում են թթվածին ստանալ CPAP թերապիայի միջոցով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, տղայի վիճակն այս գիշեր ավելի է վատացել, սակայն բժիշկներին հաջողվել է կայունացնել։

«Մեզ մոտ գտնվող տղա երեխայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Գիշերը ես եղել եմ հիվանդանոցում, երեխայի վիճակը մի փոքր ավելի վատացավ, հետո հնարավոր եղավ կայունացնել, - նշել է «Մուրացան» բժշկական համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանը՝ հավելելով, որ անհաս երեխաների պարագայում իրավիճակն անկանխատեսելի է,և բուժման ընթացքը շատ ծանր է։

Մայիսի 3–ի գիշերը «Էրեբունի» ԲԿ–ում ծնվել էր հնգյակ՝ տղա և չորս աղջիկ, որից երկու աղջիկը ծնվելուց օրեր անց մահացել էին: Նշենք, որ երեխաները ծնվել են 28 շաբաթականում։
Ծնվելուց անմիջապես հետո երեխաները տեղափոխվել էին տարբեր բժշկական կենտրոններ՝ վերականգնումն արագ կազմակերպելու նպատակով:–0–