Տոներն են մոտենում. ե՞րբ կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը և ի՞նչ է սպասվում երևանցիներին տոների ընթացքում. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21–ին նախատեսված տոնական համերգի շրջանակում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Նա նշեց, որ ամանորյա գեղեցկուհու լույսերը կվառվեն ժամը 19։30–ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից։
«Այդ օրը կմեկնարկեն ամանորյա միջոցառումները։ Դեկտեմբերի 21–ին երևանցիները կկարողանան ներկա լինել համերգին և հրավառությանը Հանրապետության հրապարակում», – ասաց Կարապետյանը։
Երևանում 2005 թ.–ից հետո առաջին անգամ Հանրապետության հրապարակում տեղադրվել է նոր տոնածառ, որի բարձրությունը 35+2 մետր է (գագաթի հետ միասին), իսկ տրամագիծը հիմքի մոտ կազմում է 14,4 մետր։ Տոնածառը հավաքված է բարձրորակ արհեստական ճյուղերից։ Ամանորյա գեղեցկուհուն զարդարելու համար պահանջվել է 200կմ լուսաձիոդային շղթա և 1500 խաղալիք։
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն իր հերթին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ չնայած այս ձմռանը միջոցառման ժամանակացույցն այդքան էլ հագեցած չի լինի, այդուհանդերձ, երևանիցներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան լիարժեք ընկղմվել քաղաքի տոնական մթնոլորտի մեջ։
Մասնավորապես, այս տոների նորամուծությունը կդառնան անվճար տոնական տուրերը Երևանով, որոնք կանցկացվեն դեկտեմբերի 24–ին, 26–ին և 29–ին Կասկադի մոտակայքից։
«Քայլարշավի ընթացքում, որոնցից յուրաքանչյուրը կտևի մոտ մեկուկես ժամ, կներկայացվի ոչ միայն Երևանի պատմությունը, այլև տուրի մասնակիցները կայցելեն Երևանի հիմնական տեսարժան վայրերը», – ասաց Օրբելյանը։
Արդեն այսօր ժամը 18։30–ին տեղի կունենա «Ձմեռային այգու» նոր սեզոնի բացումը։
«Առաջիկայում կսկսի գործել նաև «Կարապի լճի հայտնի սահադաշտը, որի բացումը մի փոքր ուշանում է տաք եղանակի պատճառով», – նշեց Օրբելյանը։
Նրա խոսքով, ամանորյա տոներին բաց կլինեն նաև մի շարք թանգարաններ, մասնավորապես, Փարաջանովի, Սարյանի թանգարանը, Ազգային պատկերասրահը։ Երևանի թատրոնները կառաջարկեն նոր տոնական ներկայացումներ։ Արդեն այս շաբաթվանից սկսել է գործել ամանորյա ավանդական ցուցահանդեսը Հյուսիսային պողոտայում։
Օրբելյանի խոսքով, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Երևանի քաղաքապետարանը մտադիր է հիմնական շեշտը դնել բնակչությանն իրազեկելու վրա։
«Երևանի հյուրերը հաճախ բողոքում են, որ այցելում են քաղաք և ճաշկերույթներից բացի ոչինչ չեն տեսնում։ Այս անգամ մենք առաջարկում ենք ծավալուն տեղեկատվություն քաղաքում անցկացվող բոլոր միջոցառումների մասին` սկսած ցուցահանդեսներից և համերգներից մինչև տոնական մասշտաբային միջոցառումներ», – նշեց Օրբելյանը։
Տուրիզմի բաժնի ղեկավարը նաև ավելացրեց, որ տոնական բոլոր օրերին` մինչև դեկտեմբերի 30–ը ներառյալ և հունվարի 2–ից կգործեն տեղեկատվական կենտրոններ, որտեղ Երևանի հյուրերը կկարողանան ծանոթանալ մայրաքաղաքում կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Անոնսները կհրապարակվեն նաև Երևանի քաղաքապետարանի կայքում։–0–