Պարզվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական ծրագրերը

12.10.2016, 12:54
Հրապարակվել են նոր վարկածներ ` կապված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական կարիերայի հետ:
Պարզվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական ծրագրերը
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է նոր վարկածներ` կապված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական կարիերայի հետ:

Ինչպես գրում է պարբերականը, ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը մտադիր է նոր քաղաքական կուսակցություն հիմնել, որին, հնարավոր է, միանա Օհանյանը:

Օրերս Վիկտոր Դալլաքյանը ասուլիսի ժամանակ թեև չի հաստատել, բայց նաև չի հերքել, որ իրեն կմիանա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Թերթի տվյալներով, Դալլաքյանին կմիանա նաև Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, Վերահսկիչ պալատը հաջորդ տարի դառնալու է Հաշվեքննիչ պալատ, ու արդեն իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, թե Իշխան Զաքարյանը չի ղեկավարելու այս նոր կառույցը։ Եվ վերջինս իր համար քաղաքական նոր հենարան է փնտրելու, որն այս անգամ կլինեն Վիկտոր Դալլաքյանն ու նրա կուսակցությունը», - գրում է պարբերականը` նշելով, որ Դալլաքյանն ու Զաքարյանը վաղեմի ընկերներ են։

«Բացի այդ, այս երեքին միավորում է նաև Սերժ Սարգսյանից նեղացած լինելու հանգամանքը։ Ի դեպ, Իշխան Զաքարյանն ու Սեյրան Օհանյանը նաև «Երկրապահ» կամավորականների միության անդամներ են», – գրում է թերթը։ -0-