Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

13.08.2016, 10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
  • Օգոստոսի 10–ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը, որից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին, նշել է, որ ղարաբաղյան խնդրի էությունն արցախցիների պայքարն է ինքնորոշման համար։ ՌԴ առաջնորդն իր հերթին հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել ղարաբաղյան խնդրի փոխզիջումային կարգավորմանը։ Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ դրական դինամիկա է արձանագրվում երկու երկրների տնտեսական հարաբերություններում։ 
  • Ռիոյի Օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը զուգափայտերի վարժության ժամանակ կատարեց յուրահատուկ տարր, որը կանվանվի նրա անունով։ Գեբեշյանը, ցավոք, չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը։ Հիացած երկրպագուները սոցիական ցանցերում հաղորդագրություններով ողողել են մարմնամարզիկ Գեբեշյանին։ Իսկ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող ծանրորդ, Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը իր ելույթի ժամանակ վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել պայքարը։ Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը Օլիմպիադայում բավարարվել է միայն 5–րդ տեղով։ ՀԱՕԿ–ին տված հարցազրույցում նա նշել է, որ չի ափսոսում Օլիմպիական խաղերում 5-րդ տեղի համար և ուրախ է գրանցած արդյունքի համար։ 
  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով լուծարվել է «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը։
  • Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով, Երևանի ոստիկանության վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը։ 
  •  Որոշում է կայացվել ընդդիմադիր գործիչ, «Սասնա ծռերին» սատարող Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը փոխելու մասին, նա ազատ է արձակվել։ Միաժամանակ, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է անփոփոխ թողնել «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` թողնելով կալանքի տակ։ Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և պատանդ վերցնելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն ուրբաթ մերժել է «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի բողոքը: Պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Խանդոյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։–0–