Ճի՞շտ են, արդյոք, սնվում հայերը. փորձագետի կարծիք

23.02.2016, 19:37
Գաղտնիք չէ, որ հայերը սիրում են համեղ և բազմազան ուտեստներ։ Կարծիք կա, որ հայերից շատերը սխալ են սնվում, և նրանց սննդակարգը բալանսավորված չէ։
Ճի՞շտ են, արդյոք, սնվում հայերը. փորձագետի կարծիք

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Գաղտնիք չէ, որ հայերը սիրում են համեղ և բազմազան ուտեստներ։ Կարծիք կա, որ հայերից շատերը սխալ են սնվում, և նրանց սննդակարգը բալանսավորված չէ։

Վերջերս «Կոմսոմոլսկայա պրավդան» հրապարակել է աշխարհի երկրների սննդակարգերի ուսումնասիրության արդյունքները։ Ուսումնասիրությունն անցկացրել են Քեմբրիջի գիտնականները։

«The Lancet Global health journal» ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակներն ուսումնասիրել են 197 երկիր։ Գիտնականները հարցում են անցկացրել 4,5 մլրդ մարդու շրջանում և ուսումնասիրել են, թե ինչպիսի սեղան են գցում Երկրագնդի տարբեր անկյուններում։

Ուսումնասիրության արդյունքներով` Հայաստանը ներառվել է այն երկրների տասնյակում, որոնց բնակիչները սխալ են սնվում։

Գիտնականների կարծիքով` առողջ սննդակարգի մթերքների ցանկում ներառվում են միրգը, բանջարեղենը, կանաչեղենը, լոբին, լոբազգիները, ընկուզեղենն ու հացահատիկը, կաթը,  ձուկը, բջջանյութը։ 

Առողջության համար վնասակար մթերքների ցանկում են քաղցր ըմպելիքները, յուղոտ մթեքը, աղը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց զրուցել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ և պարզել` արդյոք իրավացի են Քեմբրիջի գիտնականները, թե ոչ։

«Համաձայն չեմ նման արդյունքների հետ։ Միգուցե, մայրաքաղաքի բնակիչները երբեմն իրենց թույլ են տալիս սխալ սնվել, սակայն, ընդհանուր առմամբ, գյուղաբնակներն ու Հայաստանի փոքր քաղաքների բնակիչները ճիշտ են սնվում», – նշեց Մամուլյանը։

Նա ավելացրեց, որ իր համար «ճիշտ» հասկացությունը մի փոքր այլ բան է նշանակում։ Մամուլյանն ընդգծեց, որ կցանկանար, որպեսզի հայերի սննդակարգն ավելի բալանսավորված լիներ։ Այդուհանդերձ, նրա խոսքով, շատ երկրների համեմատ` հայաստանցիների սննդակարգը չի կարելի սխալ համարել։

Մամուլյանը համաձայն չէ նաև շրջանառվող այն կարծիքի հետ, թե հայերը չափազանց շատ միս են օգտագործում։

«Հայերին ծանոթ են ավելի քան 300 տեսակի ուտելու բույսեր։ Ոչ մի ուրիշ երկիր չգիտի և չի օգտագործում նման թվով բույսեր։ Ինչ վերաբերում է մսեղենին, ապա հայերն ուտում են չափավոր քանակով միս», – ավելացրեց Մամուլյանը։ 

Նրա խոսքով` յուրահատուկ կլիմայի և տարվա` վառ արտահայտված եղանակների պատճառով հայերը մշակել են կոնկրետ ճաշացանկ, որի ճաշատեսակներն օգտագործում են տարվա այս կամ այն ժամանակաշրջանում։

«Ձմռանը Հայաստանում բավականին ցուրտ է, և օրգանիզմը լրացուցիչ կալորիաների, մասնավորապես, պրոտեինի կարիք ունի, և նորմալ է, որ այդ ժամանակաշրջանում մարդը հիմնականում միս է օգտագործում», – ավելացրեց Մամուլյանը։–0–