ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 11-ին, Սևանի ջրասուզակները հայտնաբերել են Մատաղիսի ջրամբարում ջրահեղձ եղած 3–րդ զինծառայողի դին։
Սևանի ջրասուզակները նախօրեին մեկնել էին Արցախ` իրենց գործընկերների հետ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար, հաղորդում է shamshyan.com–ը։
Ինչպես
հաղորդել էինք ավելի վաղ, մայիսի 8–ին դեռևս անհայտ հանգամանքներում Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն է ընկել «Վիլիս» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ են եղել: Ջրահեղձ եղածներից 2-ի դիերն արդեն դուրս էին բերվել։
Արցախի ՊԲ–ն իր հերթին
հրապարակել է ջրահեղձ եղած զինծառայողների անունները` Ռուբեն Մնացականի Բարսեղյան (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյան (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյան (ծնվ. 1998թ.): –0–