Ձերբակալվել են Երևանում գրանցված Mercedes–ի մասնակցությամբ սկանդալային միջադեպի մասնակիցները
22.01.2019,
21:15
Ձերբակալվել են Երևանում գրանցված Mercedes–ի մասնակցությամբ սկանդալային միջադեպի մասնակիցները, հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
2019թ. հունվարի 18-ին Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել առ այն, որ 2019 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատություն-Ն.Զարյան փողոցների խաչմերուկի մոտ իրար ճանապարհը չզիջելու և ձայնային ազդանշան տալու պատճառով ծագած վեճի ժամանակ «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները իջել են նշված ավտոմեքենայից ու սկսել մահակներով հարվածել «Մերսեդես 180» մակնիշի ավտոմեքենայի ապակիներին՝ պատճառելով նյութական վնաս:
Загружается новость ... "Лево"
Փաստի առթիվ 2019թ. հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանությունը) և ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: «Մերսեդես 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:
«Իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից երիտասարդների ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1995, 1996, 1994, 2000, 1996թթ.: 2019թ. հունվարի 21-ին նրանք ձերբակալվել են՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:–0–