Իջևանում տղամարդը դատապարտվեց պայմանական ազատազրկման 1կգ խոզի միս գողանալու համար

04.02.2017, 20:20
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` 1կգ խոզի մսի հափշտակության համար տղամարդը դատապարտվել է պայմանական ազատազրկման:
Իջևանում տղամարդը դատապարտվեց պայմանական ազատազրկման 1կգ խոզի միս գողանալու համար
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` 1կգ խոզի մսի հափշտակության համար տղամարդը դատապարտվել է պայմանական ազատազրկման:

Pastinfo–ի հաղորդմամբ, դատարանը Արծրուն Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) և դատապարտել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Միաժամանակ նրա պատժին մասնակի գումարվել է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը՝ 1,5 տարի ժամկետով ազատազրկումը, և նրան վերջնական պատիժ է նշանակվել 2 տարի ժամկետով ազատազրկումը:

Սակայն Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի. սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Ըստ մեղադրանքի՝ Արծրուն Հարությունյանը 2016թ հոկտեմբերի 21-ին ժամը 15:30-ի սահմաններում, մուտք է գործել անհատ ձեռներեց Վազգեն Վարդապետյանին պատկանող, Իջևան քաղաքի Անկախության 13 շենքի 1-ին հարկում գործող խանութ, որտեղից բացահայտ հափշտակել է 1կգ քաշով խոզի միս և դիմել փախուստի՝ Վարդապետյանին պատճառելով 2000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Իջևանցի տղամարդը մեղադրվում է 1 կգ խոզի միս հափշտակելու մեջ>>

Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ամբաստանյալ Արծրուն Հարությունյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում հայտնել է, որ գնացել է մսի խանութ, զրուցել Վազգեն Վարդապետյանի հետ, ինչից հետո մուտքի դռան ձախ կողմում կախված մսի կտորներից մի կտոր՝ շուրջ մեկ կիլոգրամ քաշով, վերցրել է և դիմել է փախուստի:

Վազգեն Վարդապետյանը, նկատելով իր կողմից միս վերցնելը, պահանջել է միսը դնել տեղը, ինքը նրա ասածներին ուշադրություն չի դարձրել և փախել է, սակայն Վազգեն Վարդապետյանը վազել է իր հետևից, փորձել է բռնել և պահանջել է հետ վերադարձնել իրենից հափշտակած միսը, բայց Արծրունին հաջողվել է փախչել:

Միաժամանակ Արծրունը հայտարարել է, որ հափշտակված միսը ճանապարհին ընկել է թևի տակից: Ինքը տուժողին թեպետ չի վճարել պատճառած վնասը՝ 2000 ՀՀ դրամը, սակայն նրա համար ձմեռվա փայտ է կոտրատել:

Տուժողն էլ, իր հերթին ցուցմունք տալով, հայտնել է, որ բողոք կամ պահանջ չունի ամբաստանյալի նկատմամբ:

Այսպիսով, դատարանը գտել է, որ Արծրուն Հարությունյանին մեղսագրվածը ճիշտ է որակված, որի համար նա ենթակա է պատժի:

Դատարանը Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է կյանքի ծանր հանգամանքների զուգորդման կամ սոցիալական ընչավոր վիճակից դրդված:–0–