ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի հատուկ նիստում ընտրեց Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում։
Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ` 17։
Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությունից հետո, ով դարձել է պետության առաջին ղեկավարը, ում ընտրել է խորհրդարանը` 2015 թվականին խորհրդարանական իշխանակարգի անցնելուց հետո։
Կառավարության ղեկավարի պաշտոնում թեկնածուների առաջադրման գործընթացն ավարտվել է նախօրեին։ Վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածություն` Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ում ներկայացրել է ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիան։
«Որպես քաղաքական կոալիցիա մեզ վրա լուրջ պատասխանատվություն ենք վերցրել, գիտակցում ենք դրա մասշտաբները ու հետևողական աշխատելով` պատրաստ ենք քայլեր ձեռնարկել երկրի զարգացման և մեր հայրենակիցների համար կյանքի լավագույն պայմանների ստեղծման նպատակով», – հայտարարեց Սարգսյանը վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո։
Նա շնորհակալություն հայտնեց ՀՀԿ–ին և «Դաշնակցության» գործընկերներին իր թեկնածությունն առաջադրելու և դրան աջակցելու համար, ինչպես նաև «Ծառուկյան» դաշինքին։
«Վստահ եմ, որ «Ծառուկյան» դաշինքի գործունեությունը խորհրդարանում կլինի վերահսկող իշխող կոալիցիայի համար, քանի որ դաշինքի ներկայացուցիչները միշտ վեր են եղել նախապաշարմունքներից և չեն կարծել, որ որպես ընդդիմադիր կուսակցություն պետք է ամեն ինչ քննադատեն և միշտ դեմ լինեն», – նշեց Սարգսյանը։
Նա նաև շնորհակալություն հայտնեց «Ելք» ընդդիմադիր դաշինքի գործընկերներին` ընդգծելով, որ ակտիվ պառլամենտարիզմը կարող է կայացած լինել միայն ամենօրյա աշխատանքի, կարծիքների և դիրքորոշումների բախման, համատեղ աշխատանքի պայմաններում։
«Այժմ սկսվում է կառավարություն ձևավորելու փուլը, որը երկար չի տևի։ Ծրագրի քննարկման ժամանակ մենք կկարողանանք արձանագրել, որ Սահմանադրությամբ արձանագրված անցումը դեպի խորհրդարանական կառավարման համակարգ մենք պատշաճ հաղթահարել ենք», – հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։
Վարչապետի ընտրության ֆոնին հայկական ընդդիմությունն անցկացնում է բողոքի զանգվածային ակցիաներ` դեմ լինելով Սերժ Սարգսյանի վարչապետությանը։–0–