Զարգացման վերացական ծրագիր և անօգնական ընդդիմություն. ի՞նչ ապագա է ընտրել Հայաստանը
Փետրվարի 14–ին ՀՀ ԱԺ–ն, որտեղ բացարձակ մեծամասնություն են կազմում ՀՀ վարչապետի կողմնակիցները, ընդունեց կառավարության հնգամյա ծրագիրը։ Փաստաթղթին կողմ քվեարկեց 82 պատգամավոր «Իմ քայլը» իշխող խմբակցությունից, դեմ` 37 պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցություններից։
Փաստաթուղթը, սակայն արժանացավ ոչ միանշանակ գնահատականի փորձագիտական շրջանակներում։ Հիմնական քննադատությունը վերաբերում է կետերի դեկլարատիվ բնույթին, որոնք չեն ներառում նախանշված նպատակների իրականացման ժամկետներ, մեխանիզմներ, մեծ մասամբ որևէ բան չկա բացի «խնդրի տեսլականից»։
Փաստորեն ծրագրի հեղինակների համար կարևոր չեն նախանշված խնդիրների իրականացման մեխանիզմներն ու ժամկետները, և վերջիններս ընդհանրապես չեն ներառվել ծրագրում։
Հենց սա էլ դարձավ ընդդիմության հարձակումների պատճառը, որն ի պատասխան ստացավ արհամարհանքի, հեգնանքի և սարկազմի դրսևորում։ Այս ամենը դարձավ հիանալի պատասխան այն հարցին, «թե իշխանությունը հաշվի առնելու՞ է ընդդիմության կարծիքը»։ «Իմ քայլը» խմբակցությունը հրապարակային կերպով ցուցադրեց, որ չի պատրաստվում կիսել իշխանությունը, չէ՞ որ անգամ ընդդիմության «դեմ» ձայները չփոխեցին պատկերը։
Ի հակակշիռ ընդդիմությանը` գաղափարախոսական պատրաստվածության լավ օրինակ ցուցադրեցին «Իմ քայլի» պատգամավորները, ովքեր ջանք չէին խնայում արդարացնելու ծրագրի ամորֆությունն ու ուղիղ տեքստով հայտարարում էին, որ պատրաստ են «կողմ» քվեարկել ցանկացած ծրագրին։ Վստահ ենք, որ հենց նման մոտեցում է ակնկալում բնակչությունն ԱԺ–ից։
Սակայն Փաշինյանի կողմնակիցները, ովքեր հավանություն տվեցին ծրագրին, որտեղ կա ընդամենը 11 թիվ, քննադատում էին նախկին ծրագրերը կոնկրետության բացակայության պատճառով։ Բավական է միայն նայել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության կողմից ներկայացրած ծրագրին, որպեսզի հասկանալի դառնա, թե որքան արմատապես կարող է փոխել իր տեսակետն ընդդիմությունը, որը հասել է իշխանության։
Ինչի՞ համար են անհրաժեշտ այդ թվերը, կհարցնեք դուք: Նրա համար, որ խորհրդարանը կամ գոնե դրա այն մասը, որը ցանկանում է դա, ունենա կառավարության նկատմամբ ազդեցության լծակ և քննադատության մեխանիզմ: Այս գործիքակազմի կիրառման վառ օրինակը հենց Փաշինյանի ելույթն էր Կարապետյանի կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ, երբ նա հնչեցնում էր մի շարք չկատարված կետերն ու ցուցանիշները:
Իսկ արդյո՞ք նոր ծրագիրը տալիս է այս ձևով կառավարության գործունեությունը վերահսկելու հնարավորություն: Ոչ: Ասվում է, որ ավելի կոնկրետ ցուցանիշներ կլինեն նախարարությունների զարգացման ծրագրերում: Բայց ի՞նչ է խանգարում նախարարությանն ավելի ուշ «վերանայել ծրագրերը», չէ՞ որ ի տարբերություն կառավարության ծրագրի, նախարարությունների ծրագրերը չպետք է հաստատված լինեն խորհրդարանի կողմից:
Փաստորեն, Հայաստանը թևակոխում է հաղթած «քաղաքական հեղափոխության» և առաջիկա «տնտեսական հեղափոխության» նոր փուլ մի ծրագրով, որում կառավարությունն էական պարտավորություններ չի ստանձնում: Թե՞ այսուհետ հեղափոխական է համարվում տնտեսության 5-տոկոսանոց միջին հնգամյա տնտեսական աճի խոստումը:
Այդ դեպքում պետք է ընդգծել «տնտեսական հեղափոխության» մասին նոր կառավարության տարօրինակ պատկերացումը և նշել, որ, հավանաբար, գործադիր իշխանությունն ինքն էլ չի հասկանում, թե ինչպես պետք է լուծի դրված խնդիրները: Հենց այդ պատճառով էլ նա գնում է այսպիսի խորամանկությունների` իր համար հավանական ձախողումների դեպքում բուֆեր պատրաստելով:
Ինչ վերաբերում է փոխված իրավիճակին, ապա գնացքն արդեն գնացել է` ծրագիրն ընդունված է, ընդդիմության առաջարկությունները հաշվի չեն առնվել: Այդ իսկ պատճառով նման իրավիճակում դիմում եմ իշխանություններին Ազգային ժողովի գործող խոսնակ Արարատ Միրզոյանի խոսքերով, ով ընդդիմադիր եղած ժամանակ նկատողություն էր արել Կարեն Կարապետյանին կառավարության ծրագրի վերաբերյալ:
«Մի ընդհանուր նկատողություն ծրագրի վերաբերյալ: Պարոն վարչապետ, իմ կարծիքով, այս ծրագիրը մի շարք կետերով զուրկ է հստակությունից և լի է ընդհանուր արտահայտություններով և ժամանակային ու արդյունքի իմաստով անհաշվարկելի պնդումներով: Պարզապես առաջարկում եմ, որ հաջորդ անգամ, երբ կառավարության ծրագիր բերեք, այս առաջարկությունը հաշվի առնեք, որպեսզի ունենանք քննարկման ավելի հստակ թեմաներ»,- ասել է նա 2017 թվականի հունիսին: -0-
Միխայիլ Մելքոնյան, քաղաքագետ
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

