Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը

14.12.2016, 19:38
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որի հեղինակը իբրև նախորդ տարի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը դեմ շարժման ակտիվիստ, ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու (2013 թ.-ի ընտրություններին) Ռաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Արմեն Վիրաբյանն էր:

Սկանդալային նամակ

Ադրբեջանի էլեկտրոնային ԶԼՄ-ների տարածած նամակում Վիրաբյանն իբրև խնդրում է իրեն անվտանգության երաշխիքներ և քաղաքական ապաստան տրամադրել երրորդ երկրում` բողոքելով, որ նա ստիպված է փախչել Հայաստանից, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն է և հալածանքների է ենթարկվել:

Ադրբեջանական մամուլը պնդում է նաև, որ Արմեն Վիրաբյանը «երեք հայեր» Վահե Ավետյանի, Սյուզան Ջաղինյանի, Վահան Մարտիրոսյանի հետ մեկտեղ աջակցել է հայ-ադրբեջանական խաղաղապահության ստեղծման Բաքվի հարթակին:

Ակտիվիստի արձագանքը. ես դավաճան չեմ

Նախօրեին թեման զարգացում է ստացել։ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը Facebook–ի իր էջում հրապարակել էր Արմեն Վիրաբյանի տեսաուղերձը, որում վերջինս կատարվածը թյուրիմացություն է անվանել։

«Ես Գերմանիայում եմ, ոչ թե Բաքվում, և այնտեղ չեմ պատրաստվում գնալ։ Ադրբեջանի և Ալիևի հետ կապված ոչինչ չեմ ստորագրել և չեմ պատրաստվում»,– ասել է Վիրաբյանը։

Նրա խոսքով, ադրբեջանական ԶԼՄ–ների հետ կապերը թյուրիմացություն էին։ Վիրաբյանն ասել է, թե պատրաստվում է դատի տալ այդ ռեսուրսները կեղծ տեղեկատվություն տարածելու համար։ Այսպիսով, նա հաստատում է կապի փաստը, բայց հայտարարում է, թե դա սխալմունք էր։

«Իմ ընտանիքին չեն ճնշել, չեն ճնշում և չեն ճնշելու Երևանում։ Դա կեղտոտ սուտ է։ Ես չեմ միացել ոչ մի հարթակի և չեմ պատրաստվում միանալ»,– ասել է Վիրաբյանը։

Նա խոստովանել է, որ հանդես է գալիս Հայաստանի իշխանությունների դեմ, բայց իր համար նաև անընդունելի է տարածքների հանձնումը (Լեռնային Ղարաբաղի շուրջ)։ «Ես առաջնորդվել եմ խաղաղարար նպատակներով, բայց ստի զոհ եմ դարձել»,– ասել է Վիրաբյանը։

Փորձագիտական կարծիք

Այս նախադեպը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ադրբեջանն իր վարկանիշը «փրկելուն» ուղղված քարոզչական լայնածավալ ծրագիր է սկսել։ Պետական բարձր մակարդակով դրսևորվող հայատյացության մշտական քարոզումը, վայրենությունները և ռազմական հանցագործություններն ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում Ադրբեջանի` առանց այն էլ սասանված հեղինակությամբ ղեկավարությանն ավելի բացասական ուրվագծեր են ստանում»,– ասել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, այդ պատճառով էլ Ապշերոնում որոշել են գործարկել «հանդուրժողականության ծրագիր»։ Որպես հիմք են վերցրել անցյալի` արդեն գոյություն ունեցող խաղաղապահ ծրագրերը, զուգահեռ սկսել են հավաքագրել անհաջողակներին և հոգեկան լուրջ շեղումներով մարդկանց։

«Նրանք արդեն ունեն երեք կողմնակիցներ, մեկն արդեն հասցրել է նեղանալ, քանի որ նրա սպասումները չեն արդարացել` նրան սկսել են օգտագործել, մինչդեռ նա հույս ուներ օգտագործել Բաքուն իր շահերի համար։ Բայց երկուսուկես հայը PR արված նախագծի համար շատ քիչ է։ Ահա և բոլոր հնարավոր միջոցներով սկսել են այնտեղ այլ մարդկանց էլ խցկել»,– ասել է Մարտիրոսյանը։

Նրա կարծիքով, դրանք հաճախ մոլորված մարդիկ են, ովքեր կարծում են, թե ադրբեջանական ԶԼՄ–ներով ինչ–որ բան կարող են անել։ «Բայց փաստն այն է, որ վերջին երկու տարիներին մեդիադաշտի տապալումից հետո Ալիևի ռեժիմը վակուում է ստեղծել լրագրության մեջ, որը լցրել են քարոզիչները։ Այդ պատճառով էլ մարդկանց օգտագործում են սեփական նպատակների համար»,– ասել է փորձագետը։

«Այդ պատճառով իմ խորհուրդն է` դադարեք հարցազրույցներ տալ ադրբեջանական քարոզչական կայքերին։ Եթե ասելիք ունեք, միշտ կարող եք գտնել հայկական, ռուսական կամ որևէ այլ հարթակ, փառք Աստծուն, դրա հնարավորությունը կա»։ -0-