Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Վաշինգտոնի հանդիպումը փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնալու. Աննա Կարապետյան

18.06.2019, 11:27
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը, հերթական անգամ, փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնում:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Վաշինգտոնի հանդիպումը փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնալու. Աննա Կարապետյան
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը, հերթական անգամ, փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնում, կարծում է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

«Ի սկզբանե՝ հանդիպման նախնական պլանավորման փուլում, կարծում եմ, այլ օրակարգ էր նախատեսվում: ԱՄՆ հովանու ներքո նման հանդիպում անցկացնելու մտադրության մասին հայտարարվեց ապրիլին Ռուսաստանում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպումից անմիջապես հետո: Տրամաբանությունը հուշում էր, որ հանդիպումը կոչված է լինելու, մի կողմից՝ ցույց տալ, որ ԱՄՆ-ն նույնպես ակտիվ միջնորդություն է իրականացնում, մյուս կողմից՝ զարգացնել հումանիտար ոլորտում քայլեր ձեռնարկելու շուրջ պայմանավորվածությունները:

Загружается новость ... "Право"

Սակայն, այսօրվա մթնոլորտը այլ բան է հուշում»,- մեզ հետ զրույցում ասել է փորձագետը:

Ըստ Ա. Կարապետյանի, հանդիպումից առաջ Արցախի և Ադրբեջանի սահմանին արձանագրված լարվածությունը և դրա հետքերով ԱԳՆ-երի արված հայտարարությունները ցույց են տալիս, որ քննարկումը դժվար թե կառուցողական բնույթ կրի կամ պայմանավորվածություններ ձեռք բերվեն:

«Միաժամանակ, այդ հանդիպումը նաև հնարավորություն կարող է ստեղծել հայկական կողմերի համար: Ուշագրավ է, որ ԱԳՆ վերջին մի քանի հայտարարություններում կրկին սկսեցին հիշատակվել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունները: Ներկայիս լարվածության պայմաններում Հայաստանի իշխանությունները կարող են օրակարգ բերել դրանք հրատապ կյանքի կոչելու հարցը»,- ասել է Կարապետյանը:

Նրա պնդմամբ, առկա իրավիճակը ցույց է տալիս, որ Դուշանբեի պայմանավորվածությունները երկար կյանք չունեցան, անհրաժեշտ են ավելի հիմնավոր մեխանիզմներ: «Ուստի, անհրաժեշտ է ետ կանգնել ամեն ինչ զրոյական կետից սկսելու մղումից, և հենվել նրա վրա, ինչն իրոք արդյունավետ կարող է լինել»,- եզրափակել է փորձագետը: -0-