Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ժխտման համար պատժի մասին օրենքը, որն ընդունվեց երկուշաբթի Ֆրանսիայի Սենատում, ուժի մեջ կմտնի երկու շաբաթում, հայտնում են համաշխարհային լրատվամիջոցները: Հենց այսքան ժամանակ կպահանջվի, որ փաստաթղթի տակ իր ստորագրությունը դնի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Ֆրանսիացի պաշտոնյաների մեկնաբանությունները կասկածների տեղ չեն թողնում՝ դա կկատարվի: Այսինքն, երկու շաբաթ է մնացել, որ Թուրքիայում տարածված տեսանկյունը հանցագործություն դառնա մի պետությունում, որտեղ թուրքական մեծ համայնք է ապրում:
Ռուս քաղաքագետները հակված են Ֆրանսիայում ընդունած օրենքը տեղավորել աշխարհաքաղաքական լայն համատեքստում: «Ֆրանսիայում ընտրություններ եղել են նաև նախկինում, 500-հազարանոց հայկական համայնքը երկրում գոյություն ունի արդեն բավականին երկար ժամանակ, այդ դեպքում, ինչու՞ այս օրենքն ընդունվեց հենց այս օրերին»,- հարցնում է մոսկվացի քաղաքագետ, Ազգային ռազմավարության ինստիտուտի նախագահ Միխայիլ Ռեմիզովը:
«Կատարվածն արևմտյան երկրների կողմից Թուրքիայի քթին արված «կտտոց» էր: Սրանում չեմ տեսնում Անկարայի փոփոխվող դերի արտացոլումն աշխարհում: Եթե ավելի վաղ նա Արևմուտքի, ԱՄՆ-ի աներեր դաշնակիցն էր, ապա այժմ Թուրքիան ձգտում է ավելի անկախ դեր խաղալ աշխարհում, ցանկանում է ուժային ինքնուրույն կենտրոն դառնալ: Ուշադրություն դարձրեք Թուրքիայի և Իսրայելի վատ հարաբերություններին՝ թուրքերը վստահություն են նվաճում արաբական աշխարհում»,- նշել է Ռեմիզովը:
«Այո, ֆրանսահայ համայնքը շատ ակտիվ և ազդեցիկ է: Կարևոր է նաև այն, որ հանրապետության քաղաքական և մշակութային վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ հայկական արմատներ ունեն»,- ՌԻԱ Նովոստիին է ասել Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը: Բայց, այնուամենայնիվ, նրա խոսքով, միայն համայնքը բավարար չէ, որ ճանաչումը ոչ միայն կատարվի, այլ նաև ընդունի այսքան կոշտ ձև՝ ցեղասպանության ժխտման համար Ֆրանսիայում մեղավորը կտուգանվի 45 հազար եվրոյի չափով:
«Ինձ թվում է, որ այս ողջ իրավիճակում աշխատում է գործոնների համագումարը: Անշուշտ, այստեղ իր դերն է խաղում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հետ կապված իրավիճակը: Ավելի անկախ դեր խաղալով իր տարածաշրջանում, քանի նախկինում՝ Թուրքիան ակամա ամրապնդել է Փարիզի պահպանողական քաղաքական գործիչների դիրքերը: Նրանք կարծում են, որ Անկարային չարժե ընդունել միության շարքերը»,- ասել է Տրոֆիմչուկը:
«Այս կարծիքը տարբեր կերպ են բացատրում: Ոմանք ասում են, թե եթե Թուրքիան եվրոպական նախագծի մասնակից դառնար, նա կհետապնդեր սեփական շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են ԵՄ-ի նպատակների հետ: Մյուսներն էլ ասում են, որ Թուրքիայի անդամակցումը կուժեղացներ թուրք գաղթականների հոսքը, ովքեր չեն ցանկանա լիարժեք ինտեգրվել նրանց ընդունած հասարակություններում»,- կարծում է վերլուծաբանը:
Փորձագետն ընդգծում է, որ այս ամենը կատարվում է Իրանի շուրջ Արևմուտքի երկրների կողմից տարվող աշխարհաքաղաքական խաղի ֆոնի ներքո: Նա ենթադրում է, որ նմանատիպ հարցերով արևմտյան դաշինքը ժամանակ առ ժամանակ «կթեստավորի» «Անդրկովկասի երկրները»՝ գտնելու համար ճիշտ գործողությունների ուղին: «Իսկ իրականում Արևմուտքի երկրները Կովկասի հետխորհրդային հանրապետություններից ցանկանում են ստեղծել Իրանի նկատմամբ իրենց գործողություններին հավանություն տվող դաշինք»,-կարծում է փորձագետը:
«Քաղաքակրթությունների դիմակայության ժամանակը չի անցել»,- իր հերթին ասաց ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրենի խորհրդական Վլադիմիր Դիմովը: «Սարկոզիի որոշումն արտացոլում է իսլամացում չցանկացող ֆրանսիացիների և Եվրոպայի մյուս երկրների բնակիչների քաղաքացիական դիրքորոշումը: Հասկանալի է, որ Ֆրանսիայում պարզապես չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրամիության կազմում»,- կարծում է նա: -0-
Վալենտին Ռախմանով, ՌԻԱ Նովոստի
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ