Իռլանդիա-Հայաստան. գողացած հաղթանակ
Հոկտեմբերի 11-ին Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Դուբլինում կայացած Հայաստանի հավաքականի վերջին խաղը մռայլ երանգներ ստացավ իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդո Գոնսալեսի կոպիտ սխալների պատճառով, ով զրկեց հայ ֆուտբոլիստներին Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:
Դեռևս խաղից առաջ, որի ժամանակ հայ ֆուտբոլիստները համառ պայքարում զիջեցին 2:1 հաշվով, հայ ֆուտբոլասերները խոսում էին այն մասին, որ ֆուտբոլային Եվրոպան մեղքի զգացում ունի Իռլանդիայի հավաքականի նկատմամբ՝ 2009թ.-ի նոյեմբերի 18-ին կայացած աղմկալի խաղի համար, որի ժամանակ ֆրանսիացի հարձակվող Տյերի Անրին ձեռքով խաղալով՝ որոշիչ գոլ խփեց իռլանդացիների դարպասին՝ փակելով 2010թ.-ի աշխարհի առաջնություն դուրս գալու նրանց ճանապարահը:
Հայ երկրպագուները մտավախություն ունեին, որ այս զգացումը կարող է ազդել մրցավարության վրա, և Գոնսալեսն իր մրցավարությամբ ակամայից խորացրեց այդ մտավախությունները՝ առիթ տալով ամենատարբեր ասեկոսեների համար, որոնք հաճախ վերածվում են մեղադրանքների:
Հայաստանի հավաքականն իռլանդացիների դեմ խաղում հաղթանակի էր տրամադրված, որը նոր էջ կբացեր երկրի ֆուտբոլային պատմության մեջ, և խաղի սկիզբը լավատեսություն էր ներշնչում, չնայած, որ մրցավարը հաճախ ուշադրություն չէր դարձնում իռլանդացիների չափից դուրս կոպիտ խաղի վրա: Սակայն խաղի 26-րդ րոպեին Գոնսալեսը սխալ թույլ տվեց, որը ճակատագրական դարձավ հայկական թիմի համար: Իռլանդացիների հարձակվող Սայմոն Քոքսը, փորձելով հասնել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասին, գնդակը ձեռքով հրեց առաջ, իսկ տուգանային հրապարակից դուրս եկած Բերեզովսկին կրծքով շեղեց գնդակի ուղղությունը:
Իռլանդացիների թույլ տված կանոնների խախտմանը մրցավարի արձագանքն անսպասելի էր. նա Բերեզովսկուն կարմիր քարտ ցույց տվեց և վտանգավոր տուգանային հարված նշանակեց հայկական թիմի դարպասին:
BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Քոքսը խոստովանեց, որ գնդակը դիպել էր իր ձեռքին, և իքնը Բերեզովսկու կողմից խախտում չի նկատել:
Հայաստանի հավաքականի վիճակը, որին միայն հաղթանակ էր հարկավոր, դարձավ կրիտիկական: Փորձառու Բերեզովսկու փոխարեն հայկական թիմի դարպասի մոտ կանգնեց 20-ամյա Արսեն Պետրոսյանը: Խաղի շրջանակներում Գոնսալեսի կողմից արհեստականորեն ստեղծված լարվածությունը փոխանցվեց ֆուտբոլիստներին: 43-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանն ինքնագոլ գրանցեց, իսկ 59-րդ րոպեին իռլանդացիների պաշտպան Ռիչարդ Դանը կրկնապատկեց խաղի հաշիվը: Դաշտում մնալով ընդամենը տասը հոգով՝ Հայաստանի հավաքականին հաջողվեց 62-րդ րոպեին գոլ գրանցել, որի հեղինակը դարձավ Դոնեցկի «Շախտյոր» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղի 81-րդ րոպեին իռլանդացիների հարձակվող Քևին Դոյլը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց դաշտից: Սակայն հայ ֆուտբոլիստներին չհաջողվեց փրկել խաղը:
Այլանդակ մրցավարության մասին Հայաստանում խոսում են բոլորը՝ մարզասերները, բլոգերները, ֆուտբոլային մասնագետները: «Ինչ-որ մեկին կանխակալության մեջ մեղադրելու համար հարկավոր է դա ապացուցել: Սակայն մրցավարը վարեց խաղը թույլ, վատ և տգետ ձևով», - կարծում է Երևանի «Արարատի» կազմում ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, Ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ մրցավարը հաճախ ուշադրություն չէր դարձնում կանոնների լուրջ խախտումների, մասնավորապես՝ հայկական թիմի հարձակվող Մարկոս Պիզելիի և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեմ կոպիտ խաղի վրա, ինչն ազդում էր Հայաստանի հավաքականի խաղի վրա: Պողոսյանի կարծիքով՝ մրցավարը կարող էր տուգանային նշանակել տուգանային հրապարակում Մխիթարյանին վայր գցելու համար, իսկ նրա ամենակոպիտ սխալը հայկական հավաքականի դարպասապահի հեռացումն էր:
Սակայն մրցավարի գործողությունների նկատմամբ առավել սուր կերպով արձագանքեց հայկական ինտերնետ-հանրությունը: Մրցավարությունից վրդովված երկրպագուները Facebook-ում էջ են բացել:
«We hate Iturralde Gonzales» էջին միացել է ավելի քան մեկուկես հազար մարդ, ովքեր բուռն կերպով քննարկում են մրցավարի գործողություններն՝ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ: Ցանցը լի է Գոնսալեսի տասնյակ ծաղրանկարներով, «խայթող նկարներով»:
Այնուամենայնիվ, ֆուտբոլային մասնագետները համոզված են, որ հայկական հավաքականը հիանալի ապագա ունի:
«Համոզված եմ, որ Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանն իր սաների առաջ խնդիր կդնի՝ դուրս գալ աշխարհի 2014 թ.-ի առաջնության եզրափակիչ», - հայտարարել է հայտնի հայ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:
Սերգեյ Պողոսյանն իր հերթին ընդգծեց, որ կարելի է չանհանգստանալ ազգային հավաքականի առաջիկա խաղերի համար: «Մենք կարող ենք հանգիստ լինել, մեր թիմը շատ լավ մարզավիճակում է: Մարտական թիմ է, որը շատ որակյալ, թիմային ֆուտբոլ է խաղում», - ասել է Պողոսյանն՝ ավելացնելով, որ հայ ֆուտբոլիստները չպետք է ընկճվեն, և հարկավոր է շարունակել ցուցադրել սեփական խաղը:-0-
Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

