Հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ստեղծվող հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման ռադարի տեղադրումը Թուրքիայում սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, վստահ են հայ փորձագետները։
Թուրքիայի տարածքում ռադարի տեղադրման մասին ուրբաթ լրագրողներին է հայտնել թուրքական ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը։ ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանություն) համակարգի տեղադրման մասին որոշումն ընդունվել է նախորդ տարի Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, և Թուրքիան աջակցել է այս նախաձեռնության իրագործման հետ կապված աշխատանքներին:
«Չնայած և Իրանը, և Ռուսաստանը դեմ են ԵվրոՀՀՊ համակարգի ստեղծմանը, Հայաստանի անվտանգությանը դա ոչ մի կերպ չի սպառնում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Ըստ նրա, ռադարի տեղադրման մասին Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչի հայտարարությունը, հավանաբար, Թուրքիայի և Իրանի միջև հակասությունների արդյունք է, և վերջինի դեմ էր ուղղված։
«Բացի այդ, ես կցանկանայի նշել, որ ԵվրոՀՀՊ-ի տեղադրումը նորություն չէ, և չեմ կարծում, որ Հայաստանն ինչ-որ կերպ կարձագանքի դրան»,- ավելացրեց թուրքագետը։
Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Թուրքիայում ռադարի տեղադրումն այդ երկիրն առավել կանխատեսելի կդարձնի տարածաշրջանում ինչ-որ անհաղթահարելի իրավիճակներում։
«Թուրքական կողմից նման որոշման ընդունումը վկայում է, որ Թուրքիան շարունակում է իր համար կարևոր գործոն համարել ՆԱՏՕ-ի անդամակցությունը և իր ռազմաքաղաքական զարգացումը տեսնում է այդ կառույցի շրջանակներում»,- ասաց Մինասյանը։
Նա հատուկ նշեց, որ այդպիսով Թուրքիան անվտանգության ոլորտի լրացուցիչ պարտավորություններէ ստանձնել ՆԱՏՕ-ի, ինչպես նաև դրա կազմում գտնվող երկրների և ԱՄՆ-ի առջև։
«Դա վկայում է, որ Թուրքիան ստիպված կլինի նաև հաշվի առնել նրանց կարծիքը և բավական սահմանափակված կլինի Հայաստանի, և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի հանդեպ իր ինքնուրույն և ոչ լիարժեք բարեկամական դիրքորոշման հարցում»,- կարծում է քաղաքագետը։
Ըստ նրա, տվյալ փուլը վկայում է, որ Եվրոպան և եվրոպական երկրներն ավելի ու ավելի են իրենց կապում Թուրքիայի հետ, ինչը մասամբ կանխատեսելի է դարձնում նրա հետագա վարքը։
«Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը կարծում է, որ պետք չէ ողբերգականացնել իրավիճակը, բայց նաև չի կարելի ասել, որ ոչինչ տեղի չի ունենում։
«Կարծում եմ, որ դա անմիջական ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա...Ենթադրում եմ, որ հիմնական ուղղությունն Իրանը կլինի, քանի որ չնայած թուրք-իրանական հարաբերությունների զարգացմանը, նրանց միջև լուրջ հակասություններ կան»,- ասաց Հարությունյանը։
Նա հիշեցրեց, որ Թուրքիան արդեն բավական վաղուց քննարկել է ռադարի տեղադրման հարցը։
Պաշտոնական Երևանն այդ կապակցությամբ իր դիրքորոշումը չի արտահայտել։
Ռադարի տեղադրման հարցի հետ կապված տեխնիկական աշխատանքներն ու բանակցություններն ընթանում են կառավարության ցուցումով՝ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ և վերջնական փուլ են թևակոխել, ասել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ԵվրոՀՀՊ-ի ընդհանուր համակարգում ինտեգրված ռադարը նախատեսվում է տեղադրել Թուրքիայի հարավ-արևելքում:
Այս տարվա հուլիսին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի մի շարք անդամ-երկրների հետ հակահրթիռային պաշտպանության ապագա եվրոպական համակարգի ռադարի տեղադրման շուրջ: Սակայն նա չէր ներկայացրել բանակցությունների մանրամասները:
Ինչպես դեռ ապրիլին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, ԱՄՆ-ն մինչև տարեվերջ վերջնական որոշում կընդունի ռադարի տեղադրման վայրի մասին:
Կրտսեր Բուշի նախկին հանրապետական վարչակազմի օրոք ԱՄՆ-ն մտադիր էր Լեհաստանում տեղադրալ հակահրթիռներ, իսկ Չեխիայում՝ ՀՀՊ համակարգի ռադար: Մոսկվան այս ամենը համարում էր ուղղակի սպառնալիք իր ռազմավարական ներուժին: Ներկայիս նախագահ Բարաք Օբաման, փոխելով ՀՀՊ-ի ռազմավարությունը, որոշել է հետաձգել այս ծրագրերը, սակայն վերջնականապես չի հրաժարվել դրանցից, ինչը ևս արժանացել է ՌԴ-ի բացասական արձագանքին:
ԵվրոՀՀՊ համակարգի համակարգերի ստեղծման առաջին փուլում, որը պլանի համաձայն, պետք է ավարտվի այս տարի, նախատեսում է Եվրոպայում իրենց արդյունավետությունն ապացուցած ՀՀՊ համակարգերի տեղադրում, ներառյալ ծովային տեղակայման Aegis համակարգերը: Ռադարի և ճանկիչ-հրթիռների տեղակայումը թույլ կտա արտացոլել Եվրոպայում բալիստիկ հրթիռային սպառնալիքները:-0-