Իշխանության և ընդդիմության երկխոսությունը կկայանա՞, թե՞ ոչ. շաբաթվա արդյունքները
Նախորդ շաբաթը թեպետ չէր տարբերվում իրադարձությունների «ճակատագրական» շրջադարձերով, այնուամենայնիվ ապագա իրադարձությունների որոշակի հիմք դրեց: Վերջին յոթ օրվա ընթացքում տեղի ունեցած հիմնական իրադարձություններից մեկը ընդդիմության հանրահավաքն էր, որը համաձայնեց երկխոսություն սկսել իշխանությունների հետ, մյուսը՝ Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը:
Ընդդիմություն-իշխանություն երկխոսության հնարավորությունը
Լայն արձագանք ստացավ ընդդիմության հերթական հանրահավաքը, որին 2008թ.-ից հետո առաջին անգամ ներկա էին համաներմամբ ազատ արձակված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» ընդդիմադիր օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Միքայելյանն ու Փաշինյանն իրենց ներկայությունը հանրահավաքին համարեցին բեկումնային փուլ ընդդիմադիր ուժերի պայքարում, ինչպես նաև նշեցին, որ շարունակելու են պայքարել խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման համար: Ընդդիմադիր առաջնորդները հանրահավաքի ժամանակ հայտարարեցին նաև, որ պատրաստ են իշխանությունների հետ երկխոսություն հաստատել խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների հարցի շուրջ, ինչի համար նույնիսկ ՀԱԿ-ի պատվիրակություն է ձևավորվել:
Երկրի իշխանությունները պնդում են, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար ոչ մի նախապայման չկա, սակայն որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ նախագահը կգնա երկխոսության: Նման կարծիքի է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով համոզված է, որ երկխոսությունը բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից:
ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը կարծում է, որ ընդդիմությունը չի կարող իշխանությունների վրա բարդել երկխոսության ձևաչափ և բանակցությունների մասնակիցների կոնկրետ ցուցակ: «Կարևոր է ոչ թե երկխոսության ձևաչափը, այլ երկխոսության անցկացման փաստը, ինչից կշահեն Հայաստանն ու նրա ժողովուրդը, հակառակ դեպքում երկխոսությունը դառնում է ինքնանպատակ: Ո՞վ է ասել, որ իշխանությունները ղեկավարվում են ընդդիմության պահանջներով, նրանք ղեկավարվում են հասարակության պահանջներով», - ասել է Զաքարյանը: Միաժամանակ պատգամավորը նշել է, որ արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններն անհիմն են, քանի որ դրանց անցկացման համար որևէ հիմք չկա:
Քանի դեռ քաղաքական գործիչները կշռում են երկխոսության բոլոր «կողմ» և «դեմ» կարծիքները, հայկական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը, ով ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ գտնվում էր հարթակի վրա: Լրագրողների կարծիքով՝ գերմանացի դիվանագետը կոպտորեն խախտել է էթիկայի բոլոր գրված ու չգրված կանոնները, կոպտորեն միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին: Այս ամենի հետևանքով դեսպանը ստիպված եղավ պարզաբանումներ տալ, որոնց համաձայն, նրա ներկայությունը հանրահավաքին կապված չէ իր քաղաքական կողմնորոշման հետ և բացատրվում է հանրահավաքի մասին ամբողջական պատկերացում կազմելու ցանկությամբ:
Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպում
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը պարտության մատնեց Հայաստանի հավաքականին Եվրո-2012-ի ընտրական փուլում: Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով: Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, սակայն ռուսները 26-րդ րոպեին պատասխան գնդակը խփեցին, որի հեղինակը Ռոման Պավլյուչենկոն էր: Իսկ երկրորդ խաղակեսին ռուսները դարձան ևս երկու գոլի հեղինակ (59-րդ և 73-րդ րոպեներին), ընդ որում երրորդ գոլը գրանցվեց տուգանայինի արդյունքում:
«Թոթենհեմի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոն դեռ հանդիպումից առաջ էր հայտարարել, որ համոզված է իր թիմի հաղթանակում և դրա համար արեց հնարավոր ամեն ինչ՝ դառնալով երեք գոլի հեղինակ: Հանդիպումից առաջ համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները Ռուսաստանի հավաքականին բացարձակ ֆավորիտ էին համարում:
Մեկնարկեցին ընդունելության քննությունները
Հայաստանում այս շաբաթ մեկնարկել են միասնական պետական քննությունները, որոնք այս տարի աննախադեպ են շրջանավարտների բացակայության պատճառով: Իսկ դա պայմանավորված է երկրում իրականացվող կրթական բարեփոխումներով, հատկապես այն հանգամանքով, որ Հայաստանն անցել է միջնակարգ կրթության 12-ամյա համակարգի։ ՄՊՔ-ի հանձնման առաջին օրը երկու քննություն է անցկացվել՝ «ռուսաց լեզու» և «քիմիա» առարկաներից։
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ՄՊՔ-ի առաջին փուլին մասնակցելու համար 1209 հայտ է ներկայացվել։ Միաժամանակ բուհերում 20928 տեղ է պահպանվել, որոնցից 2428-ն անվճար են, իսկ 18500-ը՝ վճարովի։ Դա նշանակում է, որ այս տարվա դիմորդները՝ հաղթահարելով 7,5-8 բալանոց շեմը, կկարողանան համալրել ուսանողության շարքերը, ավելին, նրանից ոմանք կկարողանան սովորել անվճար հիմունքով։
Ինչպես պարզաբանեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, այս տարի նվազագույն դրական անցողիկ շեմը հեշտ հաղթահարելի կլինի, քան նախորդ տարի, խոսքը 35-40 հարցերի մասին է, որոնք 7,5-8 անցողիկ բալ են ապահովում։ Մնացած հարցերը նույն մակարդակում կլինեն, ինչ անցյալ տարվա թեստերը:
Մամուլի քարտուղարի խոսքով՝ այն դիմորդները, ովքեր չեն հասցրել հայտ ներկայացնել Գնահատման և թեստավորման կենտրոն, նրանց համար հունիսի 24-ից մինչև հուլիսի 2-ը հայտերի ներկայացման լրացուցիչ փուլ կկազմակերպվի։
Հետաքրքիր է
Նախորդ շաբաթ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում որոշում է ընդունվել մինչև աշուն որոշել հիմնական միջոցառումների ցանկը:
Մի քանի օրից Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը կայցելի Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին: 2010թ.-ին Գարեգին Երկրորդի՝ Վրաստան նախատեսված այցը հետաձգվել է երեք անգամ վրացական կողմի խնդրանքով: Պատճառների թվում նշվում էր Իլյա Երկրորդի առողջական վիճակը:
Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների անցկացման նպատակով առաջիկա երկու տարվա ընթացքում կհատկացվի շուրջ 25 ԱՄՆ դոլար: Ակնկալվում է, որ շուրջ 10 մլն դոլարը կհատկացնի Եվրամիությունը, ևս 2,5 մլն դոլարը կտրամադրի Ռուսաստանը: 1995 թ.-ից հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ուղղվել է 130 մլն դոլար, որոնցից 15 միլիոնը հատկացվել է հայկական ԱԷԿ-ի սեփական միջոցներից:
Հայաստանի բնակիչներն այսուհետ կարող են վայելել Pepsi ընկերության ապրանքների լայն տեսականին, որը կարտադրվի Երևանում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Երևանում բացվել է Pepsi ապրանքանշային ապրանքների արտադրության գործարանը։ Ձեռնարկությունը գործարկվել է հայկական Ջերմուկ Ինթերնեյշնլ ՍՊԸ-ի և PepsiCoInternational ընկերության միջև անցած տարվա պայմանագրի համաձայն։
Իսրայելի Քնեսեթն ամեն տարի նշելու է ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը Երուսաղեմի հայկական կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ որպես հրեա և իսրայելցի՝ իր պարտականությունն է համարում ճանաչել այլ ժողովուրդների ողբերգությունը։
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հովանու տակ գործող OSART հանձնաժողովի ղեկավար Գաբոր Վամոսը (Gabor Vamos) հայկական ԱԷԿ-ի գնահատումից հետո նշել է, որ ԱԷԿ-ը առանձնակի վտանգ չի ներկայացնում տարածաշրջանին:
Տիեզերական աղբի հետազոտման և Բյուրականի աստղադիտարանի արդիականացման մասին մինչև 2 մլն եվրոյի հասնող համաձայնագիրը՝ կնքված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և «Ռոսկոսմոս» տիեզերական դաշնային գործակալության միջև, կստորագրվի օգոստոսին: Այդ աշխատանքների իրագործման համար օգոստոսին նոր փոքր աստղադիտակներ կտարվեն Բյուրականի աստղադիտարան։
Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ խորհրդարանի կողմից մայիսի 26-ին հայտարարված համաներմամբ, ըստ վերջին տվյալների, քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 376 դատապարտյալ: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 26-ին ընդունել է համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը, որն արվել է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Համաներումն ուժի մեջ է մտել նույն օրը։ -0-

