Համաներման նշանի ներքո` սրընթաց սցենարով սյուժե. Հայաստանի նախորդ շաբաթվա արդյունքները
Նախորդ շաբաթը Հայաստանում անցավ համաներման նշանի ներքո, որը հայտարարվել է իշխանությունների կողմից հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ: Եվ առաջինը հայտնեցին մայիսի 27-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի ազատ արձակման մասին, որը պատիժ էր կրում 2008 թ.-ի մարտյան անկարգություններին մասնակցելու համար:
Նույն օրը գրեթե մեկ ժամվա տարբերությամբ ազատ արձակվեց նաև «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Հարկավոր է նշել, որ դատապարյալների, այդ թվում նաև 2008 թ.-ի մարտյան ողբերգական իրադարձությունների համար պատիժ կրողների համաներման հարցը բուռն կերպով քննարկվում էր ողջ շաբաթվա ընթացքում: Համաներման մասին առաջարկն արվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից և ուժի մեջ է մտել խորհրդարանում մայիսի 26-ին այդ հարցի կապակցությամբ տեղի ունեցած քվեարկությունից հետո:
Ինչպես հայկական ԶԼՄ-ներին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը, համաներման շրջանակներում այս պահին ազատ է արձակվել 82 դատապարտյալ:
Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը պարբերաբար կիրազեկի հասարակությանը համաներումից օգտված այլ անձանց մասին:
Այս «թեժ» թեմային անդրադարձան ինչպես միջազգային կառույցներն, այնպես էլ հանրապետության քաղաքական գործիչները:
Համաներման փաստը ողջունել են ԵԽԽՎ-ն և «Հայաստանում եվրոպական շարժում» կազմակերպությունը: ԵԽԽՎ-ի տեղեկատվության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «այս անձանց ազատումը և 2008 թվականի մարտյան անկարգություններում զոհված 10 մարդու գործով քննության նոր փուլը կվերացնի քաղաքական մթնոլորտի բարելավման ճանապարհին առկա վերջին խոչընդոտը և իշխանություն-ընդդիմություն կառուցողական երկխոսության դուռ կբացի»:
Դաշնակցության խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր հերթին ՀՀ նախագահի առաջարկած համաներումը համարել է թեև ուշացած, բայց ճիշտ որոշում:
Ընդդիմության հանրահավաք. Ազատ արձակվածների ելույթը
Կալանավորված և համաներման տակ ընկած ընդդիմադիրները՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, ելույթ կունենան մայիսի 31-ին կայանալիք Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքին, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
Ըստ նրա՝ մայիսի 31-ի հանրահավաքին Փաշինյանի և Միքայելյանի ներկայության և ելույթի փաստը լուրջ խթան կդառնա նոր քաղաքական փոփոխությունների համար:
Միաժամանակ հայտնի քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ հանրապետությունում ներքաղաքական պայքարի ակտիվացման տեսակետից մարտյան գործով կալանավորվածների ազատ արձակումը կարող է լրջորեն ազդել քաղաքական պայքարի վրա:
Դովիլ. երկինքը պետք է խաղաղ լինի
Եթե ներքաղաքական բանավեճերը հիմնականում ընթանում էին համաներման թեմայով, ապա հանրապետությանը վերաբերող արտաքին-քաղաքական զարգացումների հիմնական «մեխը» Դովիլում ԵԱՀԿ ՄԽ առաջնորդներ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի ընդունած հայտարարության շուրջ ընթացող քննարկումներն էին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ միայն բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը կարող է բերել խաղաղության, կայունության և հաշտեցման՝ հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար, իսկ հակամարտության գոտում ուժի կրկնակի կիրառումը կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
Այս հարցին հանրապետության քաղաքական գործիչները դրական արձագանքեցին:
Այսպես, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուս Սահակյանը նշեց, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը, և հայտարարությունը բավականին բարենպաստ է Հայաստանի համար:
ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ երեք նախագահների հայտարարությունը հիմնականում համահունչ է Հայաստանի դիրքորոշման հետ և Ադրբեջանին ուղղված հստակ ուղերձ է:
«Հայտարարության մեջ ընդգծվում է ուժի կիրառման անթույլատրելիությունը, ինչի մասին բազմիցս խոսել են հայկական երկու կողմերը՝ Հայաստանն ու Արցախը», - ասաց Շարմազանովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
Նրա խոսքերով՝ երեք երկրների նախագահները նշել են, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր հերթին նշել է, որ հայկական կողմերը ՀՀ ԱԳ նախարարի և ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի շուրթերից հայտարարել են, որ ընդունում են փաստաթղթում տեղ գտած մոտեցումները:
Դաշնակցության խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ փաստաթղթում օգտագործվում է «կողմեր» տերմինը, ինչը թույլ է տալիս Հայաստանին բանակցային գործընթացում պահանջել Ղարաբաղի մասնակցությունն ու ԼՂՀ-ի ճանաչումը՝ որպես հակամարտող կողմ:
Քաղաքական գործիչների կարծիքով՝ Դովիլում ընդունված որոշումը «կկապի» չափազանց ագրեսիվ տրամադրված Ադրբեջանի «ձեռքերը» և կստիպի նրան մտածել որևէ ռազմատենչ հայտարարություն անելուց առաջ:-0-

